Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Metropoll հետազոտական կենտրոնի հիմնադիր Օզեր Սենջարը հայտարարել է, որ եթե «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) գլխավորեր երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, ապա ԱԶԿ-ն նոյեմբերի 1-ին կայանալիք նոր ընտրությունների արդյունքներով կկարողանար ստանալ միակուսակցական կառավարություն։
Սենջարը ներկա դրությամբ հավանական չի համարում, որ ԱԶԿ-ն կարող է ստանալ միակուսակցական կառավարություն։ Նա կարծիք է հայտնել, որ Աբդուլլահ Գյուլն ընդունելի կերպար է շատերի համար, ինչը չես ասի երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի համար:
«ԱԶԿ-ի ընտրական ուժը կապված է հասարակության շրջանում Էրդողանի հեղինակության ու նրա կերպարի ընկալման աստիճանից։ 2014 թվականի նոյեմբերին, երբ Էրդողանը նոր էր դարձել երկրի նախագահ, ԱԶԿ-ի վարկանիշը 45.6 տոկոս էր, իսկ ներկա դրությամբ այն նվազել է մինչև 38.5 տոկոսի։ Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել 2014 թվականի օգոստոսին՝ ստանալով քվեների 51.4 տոկոսը»,- նշել է նա։
Սենջարն ընդգծել է, որ Ահմեթ Դավութօղլուն ԱԶԿ-ի համար լավ չի կարողանում անցկացնել ընտրական կամպանիա, ինչի համար էլ Էրդողանը միջամտում է այդ գործընթացին։ Նա հավելել է, որ Թուրքիայում կա 4 տոկոսանոց չկողմնորոշված ընտրազանգված, որոնք կողմնորոշվում են ընտրություններից միայն 4 օր առաջ։







































