«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
– Պարոն Ենոքյան, սկսվում է սահմամադրական բարեփոխումների շուրջ քննարկումների երկրորդ փուլը: Դաշնակցությունը ներկայացրեց իր տեսակետն ասելով, որ անելու է ամեն ինչ, որ այս փոփոխություններն անցնեն: Ի՞նչ եք կարծում նախագծին դեմ ռեալ պայքար մինչև հանրաքվեն կձևավորվի՞:
-Ասել, որ նախագծի այս տարբերակը վատն է՝ քիչ է, այն շատ վատն է: Այն պարզապես փակում է Հայաստանի քաղաքական զարգացման որևէ հեռանկար: Քանի որ հանրաքվեն լինելու է նոյեմբերին՝ դժվարէ հիմա կանխագուշակել դրա դեմ պայքարող լայն ճակատ կձևավորվի, թե ոչ: Ամեն դեպքում դեռևս հույս կա, որ վերջնական տարբերակից կհանվեն անհեթեթ կետերը և Հայաստանը չի լինի այն էքսպերիմենտալ երկիրը, որտեղ փորձ են անում երկու փուլում ձևավորել Ազգային ժողով, այնտեղ էլ կուսակցական պարտադիր մեծամասնություն: Նույնիսկ սահմանված չէ, թե ինչ ասել է կայուն մեծամասնություն:
–Ի՞նչ եք կարծում ո՞ր տարբերակն է ճիշտ՝ բոյկոտե՞լ, թե գնալ և «ոչ» քվեարկել:
-Բոյկոտելն ամեն դեպքում սխալ է: Բոյկոտել նշանակում է պարզապես խախտումների առավել լայն հնարավորություն ընձեռել: Պետք է ոչ քվեարկել:
-Ինչքանո՞վ է հավանական որ այդ դեպքում ավելի քիչ խախտումներ կլինեն:
-Տարբերությունն այն է, որ այս դեպքում որոշակի հնարավորություն կլինի գործըթնացը վերահսկել: Իսկ բոյկոտի դեպքում այդ հնարավորությունները վերանում են: Այն մարդիկ, ովքեր «ոչ» են ասում՝ քվեաթերթիկների տերն են: Այլ հարց է բոլոր մնացած մանիպուլյացիաները, բայց այնուամենայնիվ բոյկոտելու դեպքում այդ մանիպուլյացիաների հնարավորությունն անսահման է լինում:
–Տեսակետ կա, որ այս փոփոխություններն իշխանություններին անհրաժեշտ են նախագահի ինստիտուտը վերացնելու համար: Այս կերպ 2018-ին, փաստորեն, բացառվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Ինչքանո՞վ է հավանական ըստ Ձեզ:
-Այդ մոտեցումն ինձ խիստ հավանակն է թվում։ Բայց մի քանի դեմ պայքարի համար չեմ կարծում, թե անհրաժեշտ է Սահմանադրություն փոխել՝ ավելին դարձնել այնպիսի Սահմանադրություն, որը պարզապես երկրի զարգացման վերջն է նշանակում։ Երկրի քաղաքական զարգացումը սրանով պարզապես հետընթաց է ապրում:
–Կան կուսակցություններ, որոնք մերժում են ցանկացած քննարկում այս նոր Սահմանադրության հետ կապված: Ձևավորվել է արդեն «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որն ակտիվ պայքար է խոստանում արդեն սեպտեմբերից: Իսկ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լինել «ոչ»-ի իրական շահառուն:
–Քոչարյանի համար ըստ էության սա վերջին շանսն է: Ես չեմ բացառում, որ նա կարող է դուրս գալ բացեիբաց պայքարի: Ինչպես դուք նշեցիք, սրանից հետո Քոչարյանի վերադարձը համարյա բացառվում է, այնպես որ նա այս վերջին շանսը կօգտագործի: Ինչ վերաբերվում է միջնորդավորվածին՝ ապա դա հաստատ է: Մանավանդ՝ այնպես է ձևակերպված այդ Սահմանադրությունը, որ ով խոսում է այս Սահմանադրության դեմ՝ խոսում է Քոչարյանի օգտին և նա կօգտագործի այդ հանգամանքը: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել՝ ոչ կարող ես դեմ ասել, ոչ՝ կողմ:
–Ինչու՞ են Արևմուտքն ու Մոսկվան այսչափ անտարբվեր այս փոփոխությունների նկատմամբ: Արդյո՞ք Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումներն այդքան անկարևոր իրադարձություն են:
-Երևի, դեռ մենք կլսենք դրա մասին, մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա: Եվ իհարկե, Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների համար այնքան էլ կարևոր չէ, դա է պատճառը, որ այնտեղից շատ ակտիվ մեսիջներ չեն գալիս:








































