Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարությունը սկսել է Nasr «օդ-երկիր» դասի թևավոր հրթիռների զանգվածային արտադրություն։ Nasr-ը գործողությունների մերձակա շառավղով թևավոր հրթիռ է, որն ունակ է խոցել թիրախները 35 կիլոմետր հեռավորության վրա։
Հրթիռի զանգվածային արտադրության մեկնարկին մասնակցել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհղանը։ Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային պոտենցիալի զարգացումը երկրի պաշտպանական գերատեսչության գլխավոր ռազմավարություններից մեկն է՝ զինված ուժերի մարտական հզորությունն ամրապնդելու և դրանց պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
Դեհղանը հավելել է, որ Nasr հրթիռներով կհամալրվեն երկրի ռազմաօդային ուժերն ու Իսլամական հեղափոխության պահակազորը, ինչը զգալիորեն կմեծացնի նրանց օպերատիվ ու տակտիկական հնարավորությունները։







































