Vesti.ru-ի փոխանցմամբ՝ NASA-ի գիտնականները սկսել են ստեղծել ոչ մեծ արբանյակներ, որոնք, ինչպես ակնկալվում է, կփրկեն հազարավոր կյանքեր և կպահպանեն միլիոնավոր անձանց գույքը։ Նախագիծը ստացել է CYGNSS (Cyclone Global Navigation Satellite System, Ցիկլոնների գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) անվանումը։
Ներկայումս այդ նախագծի առաջին սարքը կառուցվում է հարավարևմտյան Թեքսաս նահանգում։ Գիտնականները փորձում են առավելագույնս «զինվել» բնական աղետների զգուշացման գործում։ Փոթորիկները կարող են անսպասելիորեն փոխել ուղղությունն ու ինտենսիվությունը։
Դժբախտաբար, անգամ ամենաժամանակակից արբանյակային մոնիթորինգի համակարգերը երբեմն չեն լինում բավական կատարյալ, ինչը օդերևութաբանների ու սովորական մարդկանց համար տհաճ անակնկալների է հանգեցնում։ CYGNSS նախագիծը բաղկացած կլինի 8 միկրոարբանյակից, որի հիմնական նպատակը սպասվող փոթորիկների կանխատեսման բարելավումն է։ Փոքրիկ զոնդերը կհետևեն արևադարձային ցիկլոններին, կչափեն օվկիանոսի մակերևույթը և քամու ուժը, և որ ամենագլխավորն է՝ կհետևեն թայֆուններին ու փոթորիկներին՝ դրանց կենսական ցիկլի ողջ ընթացքում։
CYGNSS-ի առաջին միկրոարբանյակի վրա աշխատանքները մեկնարկել են 2015 թվականի օգոստոսի 14-ին։ Միկրոարբանյակներից յուրաքանչյուրը կկշռի 29 կիլոգրամ, դրանք կգործեն արևային մարտկոցներով։ Ակնկալվում է, որ դրանցից 7-ը կստեղծվեն առաջիկա շաբաթներին։ Այդ սարքերը կգտնվեն մոլորակից 510 կիլոմետր հեռավորության վրա։










































