Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, որը մեկ օր առաջ Թեհրանում մասնակցել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողակարգին, հայտարարել է, որ Իրանը բավական կարևոր խաղացող է Մերձավոր Արևելքում, որպեսզի հնարավոր լինի արհեստականորեն նրան մեկուսացնել այդ տարածաշրջանում որոշումներ ընդունելուն մասնակցելուց։
Համոնդն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան և ամբողջ արևմտյան աշխարհը պետք է զգուշավորությամբ ընդունեն Իրանի հետ երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավումը. «Մենք հարկադրված ենք գործ ունենալ փոխադարձ անվստահության երկար պատմության հետ, և բացի դրանից՝ շատ հարցերում մենք լուրջ տարակարծություններ ունենք։
Դրանցից մեկն Իրանում մարդու իրավունքների պահպանման խնդիրն է։ Միևնույն ժամանակ, ԴԱԻՇ-ի կողմից ագրեսիայի ակտիվացումը Լոնդոնին ու Թեհրանին հնարավորություն է տվել, չնայած առկա տարաձայնություններին, շփման եզրեր գտնել այլ ոլորտներում, ուր համընկնում են կողմերի շահերը»։ Համոնդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ու Իրանը սերտորեն համագործակցում են թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում։









































