Հայաստանի կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքի երեք հոդվածներում՝ 89-րդ հոդվածի 2-րդ մասում, 100-րդ հոդվածի 5-րդ և 101-րդ հոդվածի 3-րդ մասերում: Ըստ առաջարկի՝ այդ հոդվածներում «Վերահսկիչ պալատի նախագահ» բառերից հետո պետք է լրացվի «կամ Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորմամբ՝ խորհրդի անդամը» բառերով: Եթե կառավարության այս առաջարկությունն ընդունվի, ապա Վերահսկիչ պալատի նախագահը այլևս չի հայտնվի խորհրդարանում, և այն վիճակը, որ մինչև այժմ գոյություն ուներ դե ֆակտո, կամրագրվի օրենքի մակարդակում:
Վերջին երկու տարվա ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի մասնակցում ԱԺ այն նիստերին, որոնց նրա մասնակցությունն ուղղակի ամրագրված է օրենքով: ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրված է երեք դեպք, երբ Վերահսկիչ պալատի նախագահը պետք է խորհրդարանում հանդես գա ելույթով: Առաջինը վերաբերում է բյուջեի տարեկան հաշվետվությանը: Կանոնակարգ օրենքի 89-րդ հոդվածում ասվում է, որ ԱԺ նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս մինչև 30 րոպե տևողությամբ հանդես է գալիս Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվություն բյուջեի կատարողականի մասին, ինչպես նաև ներկայացնում է Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը:
ՎՊ նախագահը ԱԺ-ում զեկուցմամբ հանդես է գալիս նաև Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդված 5-րդ կետ, և Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ:
Բայց վերջին երկու տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այդպես էլ վերը նկարագրված դեպքերով որևէ անգամ հանդես չի եկել խորհրդարանում: Նրա փոխարեն միշտ ելույթ են ունեցել ՎՊ խորհրդի տարբեր ներկայացուցիչներ՝ այն դեպքում, երբ օրենքում հստակ նշված է, որ ելույթով պետք է հանդես գա ՎՊ նախագահը:
Ընդդիմության ներկայացուցիչները ամեն անգամ բարձրացրել են այդ հարցը՝ փորձելով պարզաբանում ստանալ Իշխան Զաքարյանի բացակայությունների վերաբերյալ, և ամեն անգամ ԱԺ նիստը նախագահողների կողմից հնչել է նույն ստանդարտ պատասխանը՝ Իշխան Զաքարյանը գտնվում է գործուղման մեջ կամ արձակուրդում: Կառավարության կողմից խորհրդարան ուղարկված այս օրենսդրական փոփոխությանը կից հիմնավորման մեջ ևս ասվում է, որ նման փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանում է, քանի որ ՎՊ նախագահի արձակուրդում գտնվելու, ինչպես նաև արտերկիր գործուղումների ժամանակացույցը երբեմն չի համընկնում ԱԺ նիստերի ժամանակացույցին, և խնդիր է առաջանում Վերահսկիչ պալատի կողմից պատշաճ ներկայացուցչություն ապահովելու համար:
Բոլորի համար էլ պարզ էր, որ այս համընկնումները չէին կարող զուտ պատահականության արդյունք լինել, և Զաքարյանը չէր կարող տարվա մեջ երեք անգամ էլ գտնվել արձակուրդում կամ գործուղման մեջ՝ այն դեպքում, երբ նախապես գիտեր, որ ԱԺ-ում նման քննարկում կա, և իր ներկայությունը այդ քննարկմանը օրենսդրական պահանջ է: Զաքարյանին ուղղակի արգելել են ՎՊ նախագահի կարգավիճակում երևալ խորհրդարանում և հանդես գալ զեկույցով կամ ելույթ ունենալ: Հիմա այդ արգելքը ամրագրվում է օրենսդրորեն, որովհետև հասկանալի է, որ հնարավոր չէ ամեն անգամ խախտել օրենքը, հնարավոր չէ, որ ամեն անգամ ՎՊ նախագահի փոխարեն ելույթ ունենա ՎՊ խորհրդի որևէ անդամ, երբ դրա մասին օրենքում ոչինչ ասված չէ: Հիմա օրենքը փոխվում է այնպես, որ Իշխան Զաքարյանի փոխարեն կարող է ելույթ ունենալ ՎՊ խորհրդի որևէ անդամ, իսկ թե ով ելույթ կունենա՝ որոշելու է ոչ թե Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհուրդը:
Ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված են մի շարք դեպքեր, երբ խորհրդարանում ելույթով կամ հաշվետվությամբ պետք է հանդես գան այլ պաշտոնյաներ ևս, օրինակ՝ Կենտրոնական բանկի նախագահը կամ գլխավոր դատախազը: Եթե այս օրենսդրական փոփոխությունը անհատականացված չէ և ուղղված չէ բացառապես Իշխան Զաքարյանի դեմ, ապա օրենքում պետք է փոփոխություններ մտցվեն մյուս պաշտոնյաների մասով ևս: Օրինակ՝ պետք է գրվի տարեկան հաշվետվությամբ խորհրդարանում հանդես է գալիս գլխավոր դատախազը կամ դատախազության կոլեգիայի լիազորմամբ դատախազության կոլեգիայի որևէ անդամ:
Նույն 89-րդ հոդվածում, որը վերաբերում է ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության ներկայացմանը, ասվում է, որ մինչև 30 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս ԿԲ նախագահը: Ինչու այս հոդվածում ՎՊ նախագահի մասը փոփոխվում է, իսկ ԿԲ նախագահի հետ կապված հատվածը թողնվում է նույնը: Իսկ միգուցե այս օրենսդրական փոփոխության հեղինակները պետք է նաև գրեն, որ օրենսդրական փոփոխությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ՎՊ նախագահը Իշխան Զաքարյանն է, իսկ դրանից հետո կատարված փոփոխությունները կորցնում են իրենց իրավական ուժը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































