Հատուկ նրանց համար, ովքեր միայնակ են և փնտրում են իրենց երկրորդ կեսին, առաջարկվում են Dating Skills SmartWatch սմարթ-ժամացույցները: Նախագիծը՝ ֆինանսական աջակցության ակնկալիքով, թողարկված է Indiegogo պլատֆորմում, հաղորդում է hronika.info-ն:
Այդ ժամացույցները ձայնային ազդանշանների օգնությամբ տիրոջը հաղորդագրություններ են ուղարկում, ինչը ազդում է ենթագիտակցական մակարդակով: Ենթադրվում է, որ հաճախ կրկնվող պնդումները մարդուն ստիպում են հավատալ դրանց ճշմարտացիությանը: Դա կնպաստի, որ այդ հրաշք-ժամացույցների տերերը աղջիկների հետ հանդիպումների ժամանակ լինեն հանգիստ և ինքնավստահ: Բացի դրանից՝ ժամացույցի էկրանի երեք նկարները ընտրված են հատուկ այն բանի համար, որ աղջիկների ուշադրությունը գրավեն:
Այդպիսի մեթոդները օգտագործում են հիպնոթերապիայի և գովազդային ոլորտում: Dating Skills SmartWatch ժամացույցի հայտնագործումը հիմնված է հիպնոսի բնագավառում լուրջ գիտական հետազոտությունների հիման վրա:
Ամեն ինչը շատ հրապուրիչ է երևում, բայց ահա Indiegogo-ում դրան ոչ ոք չի հավատում: Նախագծի ավարտին մնում է 19 օր, սակայն դեռ ոչ ոք ներդրումներ չի արել:







































