«Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը Ղարաբաղի օգտին ոչ մի հարց չի լուծի: Ստացվում է այնպես, որ ես նախագահի ասածն եմ կրկնում , բայց պարզապես համընկնում է: Ես չեմ գտնում, որ Ղարաբաղի անկախությունը հիմա պետք է ճանաչվի, դա ոչ մի օգուտ չի բերի, հարցի լուծում չի տա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանը։ «Ներկա իրավիճակում ես կողմ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով բանակցությունները խաղաղ կարգավորելուն: Իսկ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում պետք է ռազմական գործողություններով պատասխանել։ Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, և Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, նրանք իրենց ռազմական գործողությունները չեն դադարեցնի»,- հավելեց նա:
Ա. Նավասարդյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանն ինքը պետք է որոշի իր համար ով է ավելի ընդունելի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը. արտաքին աշխարհը ոչ մի հարց չի որոշում. «Մարդկանց թվում է, թե եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հացադուլ հայտարարեց, ապա արտաքին աշխարհը՝ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, պետք է ճնշումներ գործադրեն, Հայաստանին դնեն մեկուսացման մեջ, բայց իրականում նման բան չկա՝ դրանք երևակայական եզրահանգումներ են։ Ամեն հարց կարգավորվում է այստեղ և բնավ էլ կարևոր չէ, թե ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը որ թեկնածուին են նախընտրում»:
Մեր այն հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ այսօր չկա ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա, հնարավո՞ր է մնացած ուժերը Հովհաննիսյանի ընտրած պայքարի միջոցը քաղաքական չեն համարում, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Դա պետք է հարցնել ընդդիմադիր ուժերին՝ առաջին հերթին հենց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ինչո՞ւ համար նախ մի կողմից ամբողջովին փոշիացրեց ընդդիմությունը, հիմա էլ ոչ մեկը չի բարեհաճում կանգնել Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, անգամ՝ ամենագաճաճ կուսակցությունը։ Որովհետև հայերը այսպիսի մի բնավորության գիծ ունեն՝ ամեն մեկն իրեն համարում է նախագահ, սա ազգային էթնոհոգեբանական երևույթ է, որը հատուկ ուսումնասիրման կարիք ունի:
Իսկ ի՞նչ պետք է աներ Րաֆֆին, որ ընդունեին. եթե զենքը ձեռքը վերցներ և գնար դեպի Բաղրամյան 26, պետք է միանայի՞ն, ի՞նչ եք կարծում:
Ամեն մի քաղաքական ուժ, ըստ երևույթին, իր մոտիվացիան ունի, դժվարանում եմ ասել, թե որ կուսակցությունն ինչ է մտածում»:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չի կարծում, որ պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն հացադուլի միջոցով հաջողության կհասնի. «Ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արժանի չէ ենթարկվել քննադատության և ծաղրանքի, որն, իմիջիայլոց, անում են ավելի շատ փոքր կուսակցությունները՝ մանր ընդդիմադիրները և ոչ այնքան՝ իշխանությունները, որքան էլ որ դա տարօրինակ հնչի:
Այնպես որ Րաֆֆին, ըստ իս, լինելով ազնիվ և նպատակասլաց մարդ (ես նրա հետ աշխատել եմ), արժանի չէ նման ծաղրանքի և քամահրանքի այն ուժերի կողմից, որոնք ընդհանրապես ոչ մի բանի ընդունակ չեն: Նկատի ունեմ այդ իմ վերը նշած ընդդիմադիր փոքր կուսակցությունները, հետո նոր՝ մեծ կուսակցությունները»:
Խոսելով այն մասին, թե վտանգ ներկայացնու՞մ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունների համար, թե՞ իր ընտրած պայքարի այս ձևով օգնում է, նա՞ է ավելի վտնագավոր իշխանությունների համար, թե՞ 2008-ի շարժումը, Արման Նավասարդյանն ասաց. «Իհարկե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև նրա մոտ շատ մեծ կազմակերպված ընդդիմություն առաջացավ 2008 թվականին:
Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա հացադուլը որպես գործիք չի գործելու, որովհետև ամեն իրադրություն ունի իր սցենարիան։ Նա պարզապես իր առողջությունը կքայքայի, որի համար ես շատ եմ ափսոսում, և ամեն ինչ տանում է դրան, իսկ նման զոհաբերություն քաղաքականության մեջ չի գործում: Մի լավ արտահայտություն կա՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում». քաղաքական պայքարի մեջ հացադուլը այս իրադրության մեջ չգործող գործիք է:
Ինքը՝ ընդդիմությունն է ընտրում պայքարի իր ձևը, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է այդ ձևը, բայց ես կարծում եմ՝ դրա օգտակար գործողության գործակիցը ցածր է»:











































