Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը՝ այդ թվում և 16-րդ գլուխը՝ «Եզրափակիչ և անցումային դրույթները»: Այս դրությները հատաքրքրական էին այնքանով, որ դրանցով պետք է որոշվեր թե 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո որ Սահմանադրությունն է գործում՝նորը թե հինը, արդյոք կառավարությունը ստանձնում է այն լիազորությունները որոնք ամրագրված են նոր Սահմանադրությամբ, և արդյոք նախագահ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2018թ. ապրիլի 9-ը, և լիազորությունների ինչ ծավալով:
Բայց մինչև այդ հարցերին անդրադառնալը նշենք, որ եզրափակիչ և անցումային դրույթների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սահմանադրության նախագծի հեղինակները կարծես թե որոշել են փոփոխություններ կատարել Սահմանադրության արդեն ներկայացված նախագծում: Մասնավորապես, տպավորություն է ստեղծվում, որ նրանք հրաժարվում են 89-րդ հոդվածի 3-րդ մասից, որը վերաբերվում էր խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելուն: Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Ազգային ժողովը ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում»: Իհարկե այս դրույթը չի հանվել Սահմանադրության նախագծից, սակայն անցումային դրույթներում ոչինչ չի ասվում, թե երբ է այս դրույթը մտնելու ուժի մեջ. ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո, թե երբ: Օրինակ՝ նույն հոդվածի 1-ին, չորրորդ և 6-րդ հոդվածների մասին ասվում է, որ դրանք ուժի մեջ են մտնում նոր Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից, և նույն անցումային դրույթներով սահմանվում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը: 89-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ԱԺ-ն պետք է կազմված լինի առնվազն 101 պատգամավորից, իսկ 4-րդ հոդվածում ասվում է, այն մասին, որ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Սահմանադրության նախագծի հեղինակները հավանաբար որոշել են համամասնական ընտրակարգի դրույթը հանել Սահմանադրությունից, և այն տանել Ընտրական օրենսգիրք: Անցումային դրույթներում հիշատակում չկա նաև 89 հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որով սահմանվում էր, որ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Հավանաբար, այս հոդվածը ևս կլինի Ընտրական օրենսգրքում, կամ իշխանությունները որոշել են ընդհանրապես հրաժարվել ազգային փոքրամասնություններին խորհրդարանում քվոտա տալուց:
Ինչ վերաբերվում է նախագահին և կառավարության ձևավորմանը, ապա անցումային դրույթներով սահմանվում է, որ Սահմանադրության առնվազն 8 գլուխ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի միայն նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման պահից: Իսկ այդ գլուխներից ամենակարևորները երկուսն են՝ մասնավորապես 5-րդ գլուխը վերաբերվում է Հանրապետության նախագահին, իսկ 6-րդը՝ կառավարությանը: Այնպես որ մինչև 2018թ. մայիս ամիսը շարունակելու են գործել գործող Սահմանադրության այն գլուխները, որոնք վերաբերում են նախագահին և կառավարությանը:
Տեսակետ կար, որ Սահմանադրության հեղինակները կարող են հրաժարվել ընտրիչների կողմից Հանրապետության նախագահ ընտրելու ինստիտուտից, սակայն անցումային դրույթներից երևում է, որ Հանրապետության նախագահն ընտրվելու է հենց ընտրիչների կողմից, գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ,քան 30 օրվա, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:







































