Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի փարիզյան բնակարանում, այսպես կոչված, «Տապիի գործով» խուզարկություն է ընթանում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լագարդի փաստաբան Իվ Ռեպիկեին:
2011 թվականի օգոստոսին դատարանը կարգադրել էր հետաքննել Լագարդի դերը 2008-ին արբիտրաժային գործարքի կնքման մեջ՝ պետության կողմից 285 մլն եվրո փոխհատուցում տրամադրելու մասին: Այն վճարվելու էր գործարար, քաղաքական գործիչ և այն ժամանակ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ընկեր Բեռնար Տապիին՝ կարգավորելու ֆինանսական հակամարտությունը Adidas ընկերության և Ֆրանսիայի բանկի միջև: Գործարքի կնքման ժամանակ Լագարդը զբաղեցրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը:
Նշենք, որ դատարանի կարգադրությունն արձակվել է ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Լագարդի նշանակումից մեկ ամիս անց: Լագարդի դեմ քրեական գործ չէր հարուցվել: Փորձագետները դեռ այն ժամանակ էին նշել, որ հետաքննությունը կարող է տարիներով ձգձգվել:









































