Պերուի կոնգրեսը միաձայն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս խոցել մասնավոր ինքնաթիռները, որոնց կասկածում են թմրանյութերի փոխադրման համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պերուն համարվում է աշխարհում կոկաինի հիմնական մատակարարներից մեկը։
Թմրանյութերի դեմ պայքարի հարցերով պերուական գործակալությունը հայտարարում է, որ թմրավաճառականները կոկաինը փոխադրում են այլ երկրներ, առաջին հերթին ԱՄՆ՝ հիմնականում փոքր ինքնաթիռներով։
ԱՄՆ-ը, որը հովանավորում է Հարավային Ամերիկայում թմրանյութերի դեմ պայքարի ծրագիրը, դեմ է հանդես գալիս այն բանին, որ Պերուի ռազմաօդային ուժերը թոյլտվություն ունենա հարվածելու մասնավոր ինքնաթիռներին։ 2001 թվականին պերուացի զինվորականները սխալմամբ խոցել էին ինքնաթիռը, որով թռչում էին ամերիկացի միսիոներները։








































