Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անպատասխանատու է անվանել երկրում արտակարգ դրություն հայտարարելու ընդդիմության կոչերն Ազգային անվտանգության խորհրդին: Այս մասին նա հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստից հետո, գրում է TASS-ը:
«Ազգային անվտանգության խորհրդի միջոցով հարցեր լուծելը պետական հեղաշրջման ժամանակների մտածելակերպ է: Այդ ժամանակները մնացել են հետևում: Բացի այդ, մենք չենք կարող հաշվի չառնել այն, ինչ ասում է գործող սահմանադրությունը»,- ասել է նա:
Դավութօղլուն նշել է, որ խոսքը վերաբերում է մինչև արտահերթ ընտրություններն ընկած ժամկետում ժամանակավոր կառավարության ձևավորման վերաբերյալ հոդվածին, եթե կուսակցություններին չհաջողվի պայմանավորվել կոալիցիա ստեղծելուն: Թուրքիայում իրադարձությունների զարգացման նման հավանականությունն այժմ բավականին բարձր է:







































