Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանության է արժանացրել վերջին 25 տարվա ընդմիջումից հետո երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության նախագիծը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Էներգետիկայի նախարար Էդուարդ Դեյվինն իր համաձայնությունն է տվել Еlectricitе de France ընկերությանը՝ Անգլիայի հարավարևմտյան Սոմերսեթ կոմսությունում կառուցելու Hinkley Point-C էլեկտրակայան: Շինարարությունը կարժենա 20 մլրդ դոլար:
Մեծ Բրիտանիայում կառուցված վերջին՝ Sizewell ատոմային էլեկտրակայանը գտնվում է Անգլիայի արևելյան Սաֆոլկ կոմսությունում: Շինարարությունը սկսվել է 1988-ին: Այն շահագործման է հանձնվել 7 տարի անց:
Դրանից հետո երկրում ատոմային նոր էներգաբլոկներ չեն կառուցվել, հատկապես 1986-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթաից հետո:
2010-ի մայիսին պահպանողական Դևիդ Քեմերոնի գլխավորած կառավարության իշխանության գալուց հետո հայտարարվեց նոր ԱԷԿ-ների շինարարության ծրագրի մասին: Էներգետիկ քաղաքականության մեջ փոփոխությունների պատճառը էներգակիրների արժեքի բարձրացումն է և Հյուսիսային ծովում նավթի ու գազի պաշարների սպառումը:









































