Կիպրոսը ֆինանսական օգնության համար բանակցություններ պետք է վարի միայն միջազգային վարկատուների հետ և Ռուսաստանի նման երրորդ կողմ չներգրավի։ Այս մասին նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հեռախոսազրույցում: Այս մասին տեղեկացնում է The Local-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության մամլո քարտուղարի հայտարարությանը:
«Կանցլերը կրկին նշել է, որ բանակցությունները պետք է վարել միայն «եռյակի» հետ»,- ավելացրել է մամլո քարտուղարը՝ նկատի ունենալով ԵՄ-ին, ԵԿԲ-ին և ԱՄՀ-ին:
Իր դիրքորոշման մասին Գերմանիայի կառավարությունը հիշեցրել է Մոսկվա Կիպրոսի ֆինանսների նախարարի այցի նախօրեին: Երեքշաբթի երեկոյան Անաստասիադիսը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ նաև ՌԴ նախարար Վլադիմիր Պուտինի հետ, ով նախօրեին քննադատել էր Կիպրոսի իշխանությունների կողմից ներմուծված հարկը՝ այն «անարդար, ոչ մասնագիտական և վտանգավոր քայլ» որակելով:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիպրոսում բանկային հաշվների հարկումը «ուրիշի գումարների առգրավում է նշանակում»:
Կիպրոսը հայտարարել է, որ մինչև 100 հազար եվրո ունեցող բանկային հաշիվները կհարկվեն 6,75 %-ով, իսկ ավելի խոշոր հաշիվները՝ 9,9 %-ով:








































