Մայրաքաղաքում ապաստանած փախստականների խնիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՄԱԿ-ի Փախտականների գծով գերագույն հանձնակատար Դամթյու Դեսալեյնի հանդիպման ժամանակ:
Ընդգծելով հարցի կարևորությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ ինչպես փախստականների, այնպես էլ սոցիալապես անապահով խավի և վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրներն այսօր իրականում հրատապ են մայրաքաղաքի համար: Այժմ երևանաբնակ շուրջ 1300 փախստականներ կան, ովքեր ապրում են հանրակացարաններում ևդեռևս հաշվառված են բնակարան ստանալու համար:
Քաղաքապետը հյուրին տեղեկացրել է, որ ներկայում քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել կարիքավոր ընտանիքներին:
Կարևորելով քաղաքապետարանի այս քայլը, Դամթյու Դեսալեյնը նշել է, որ խնդիրն առավել նպատակային կլուծվի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում:
Կողմերը քննարկել են նաև փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման հետ կապված այլընտանքային մոտեցումները:








































