Minval.Az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է 2017 թվականին Ադրբեջանում ձեռնամուխ լինել «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցմանը, որը պետք է փոխարինի Գաբալայի ՌՏԿ-ին։ Այդ մասին հայտնել է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը։
Վերջինիս հաղորդմամբ՝ «Վորոնեժ» ՌՏԿ-ները տեղակայվում են ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա և Մուրմանսկ), այլև նրա սահմաններից դուրս և մասնավորապես Ադրբեջանում։ Նոր կայանը լինելու է բացառապես ռուսական ենթակայության տակ, կլրացնելու է Արմավիրում գործող ՌՏԿ-ին և ծածկելու է այն տարածքները, ուր չի կարողանում հասնել Արմավիրի ՌՏԿ-ը։
Հաղորդվում է, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ներն ունակ են վերահսկել մինչև 500 օդային օբյեկտ։ Գաբալայում «Դարյալ» ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը լրացել է 2012 թվականի դեկտեմբերին, որից հետո Ռուսաստանը լքել է այն։








































