Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն այսօր հանդիպելու է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիին և քննարկելու է կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցը։
Հայտնի է, որ ԱՇԿ-ն ունի 4 պայման՝ ԱԶԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու համար։ Դրանցից առաջինը վերաբերում է Սահմանադրության առաջին 4 հոդվածներին, և ԱՇԿ-ն պահանջում է, որ դրանք չենթարկվեն փոփոխության։ Երկրորդ պահանջն առնչվում է («Քրդական հարցի») կարգավորման գործընթացին։ ԱՇԿ-ն պահանջում է վերջ դնել դրա անարդար ու ոչ ամբողջական կարգավորմանը։
Երրորդ պահանջն առնչվում է 2013 թվականի վերջին Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած կոռուպցիոն սկանդալը վերստին հետաքննելուն, իսկ 4-րդ պահանջը՝ նախագահի լիազորությունները չմեծացնելուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրության առաջին հոդվածում նշված է, որ Թուրքիա պետությունը հանրապետություն է, 2-րդ հոդվածում նշված է, որ Թուրքիայի Հանրապետությունը մարդու իրավունքները հարգող, Աթաթուրքի հայացքներին հավատարիմ, ժողովրդավարական, աշխարհիկ ու սոցիալական, իրավական պետություն է։
3-րդ հոդվածում նշված է, որ Թուրքիա պետությունը՝ իր երկրով ու ազգով, անքակտելի է։ Թվարկված են, թե որոնք են պետական լեզուն, պետական դրոշը, ազգային օրհներգը և երկրի մայրաքաղաքը։ 4-րդ հոդվածն էլ անհնար է դարձնում առաջին երեք հոդվածներում փոփոխություններ կատարելը։










































