«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ փետրվարյան իրադարձություններից հետո՝ աշնանը, ընդդիմադիր ուժերը կարողանան համախմբվել՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
– Քաղաքականության մեջ ոչին չի բացառվում: Ես չգիտեմ, թե արդյունքն ինչպիսին կլինի, բայց այն կարծիքին եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի թույլ չտրվի ընդունել սահմանադրական փոփոխությունները: Այս փոփոխությունները միանշանակ տանում են միակուսակցական միապետության, և ժողովրդավարության անվան տակ ձևավորվում է մի համակարգ, որը շատ ավելի վատն է, քան գործողը:
– Իշխանությունները պարբերաբար ընդդիմությանը հակադարձում են, որ «սահմանադրական փոփոխությունների դեպքում եթե դուք մեզ վերարտադրման մեղադրանքներ եք ներկայացնում, ապա մենք այս համակարգում էլ վատ չենք վերարտադրվում»:
– Ո՛չ, ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո երրորդ անգամ չի կարող առաջադրվել:
– Այո՛, բայց իշխանությունները նախագահական ընտրություններին կարող են իրենց համար վստահելի մեկ այլ թեկնածուին առաջադրել, իսկ Ս. Սարգսյանը դառնա վարչապետ:
– Չի վստահում: Իր նախորդի փորձից ելնելով՝ չի վստահում: Իր նախորդն իրեն ընտրեց ու հավանաբար սխալվեց: Եվ հիմա կարող է նա մտավախություն ունենալ, որ իր ընտրյալն էլ նույն կերպ կվարվի իր նկատմամբ: Միմյանց չեն վստահում:
– Բայց եթե թույլ նախագահի թեկնածու ընտրվի, ապա ուժեղ վարչապետը կարող է նրան իր ազդեցության տակ պահել և երկրի ողջ կառավարումն իր ձեռքը վերցնել: Այս դեպքում էլ շրջանառվում են Սեյրան Օհանյանի, Գագիկ Հարությունյանի անունները:
– Այստեղ անձի ուժեղության կամ թուլության խնդիրը չէ, խնդիրը նախագահի ինստիտուտի ուժեղությունն է: Քաջ Նազարն էլ, որ նստում է այդ աթոռին, հերոս է դառնում: Այդ ինստիտուտը տալիս է ուժեղ լինելու հնարավորությունը: Ոչ թե իրենք են ուժեղ, այլ ինստիտուտն է ուժեղ: Հայաստանի նման աղքատ պետություններում, ցածր ժողովրդավարության պայմաններում նախագահի ինստիտուտը ուժեղ է: Իսկ այս սահմանադրական փոփոխություններով ինստիտուտը չի փոխվում: Եթե հիմա մի մարդ է պատասխան տալիս ամեն ինչի համար, ապա փոփոխությունների նախագծում լղոզված վիճակ է, և թաղային հեղինակությունները մասնատված ձևով են ընտրություններ անցկացնելու: Բայց իրենց համար ավելի հեշտ կլինի իշխանություն ձևավորելը: Առաջարկվող նախագծում վարչապետին հակակշիռ չկա: Այլ երկրների օրինակներն են բերում, բայց այդ երկրներում ներկայացուցչական մարմին կա, կա երկու պալատ, ինչ-որ կերպ վերահսկողություն է իրականացվում: Առաջարկված նախագծով ԱԺ-ն դառնում է շինծու ինչ-որ մարմին, նախագահը ներկայացուցչական, խորհրդանշական պաշտոնյա է դառնալու:
– Իսկ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու համար խնդիրներ չե՞ն ունենա: Չէ որ այն նախագահական կամ խորհրդարանական ընտրություն չէ, որ հանրային մեծ հետաքրքրություն կամ մասնակցություն ունենա:
– Ինչի հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքները մասնակցելո՞վ է որոշվել: Նկարելով է որոշվում: Ամեն անգամ մոտ մեկուկես միլիոն մարդու մասնակցություն են ցույց տալիս: Դուք գիտե՞ք, թե այսօր Հայաստանում որքան մարդ է ապրում: Մոտ 1 մլն 800 հազար մարդ է ապրում:
– Բայց ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը մոտ 3 միլիոն է:
– Դուք միայն պաշտոնական վիճակագրությունը տեսեք, թե տարեկան որքան մարդ է Հայաստանից գնում: Իսկ բնակչության թիվը թաքցնում են, որ ընտրությունները կեղծեն: Ընտրություններին լավագույն դեպքում մասնակցում է 800-900 հազար մարդ, բայց մոտ 600 հազար ձայն էլ նախապես ունեն, որը կեղծվում է իրենց օգտին: Եվ այդպես՝ թիվ են ապահովում:
– Ընտրություններին ընդդիմությունն իր պայքարում երբեք հաջողություն չի ունեցել: Ձեր կարծիքով՝ այս հանրաքվեին կպայքարի՞:
– 2005թ. հանրաքվեին մարդ մասնակցո՞ւմ էր: Նկարեցին՝ ցույց տվեցին: Ընտրատեղամասերում այցելության քանակը շատ ցածր էր, միջազգային կառույցները ֆիքսեցին: Հետո՞: Սահմանադրական փոփոխություններն անցկացրեցին: Եվ չեմ կարծում, թե այս անգամ ինչ-որ լուրջ փոփոխություն լինի: Մարդիկ այսօր փախչելու և օրվա հացը վաստակելու մասին են մտածում: Իսկ իշխանությունների ստեղծած այս պայմաններում որևէ ընդդիմադիր ուժ չի կարող արդյունավետ գործել: Եղել է, չէ՞, որ ընտրություններին հաղթել ենք, Կարեն Դեմիրճյանը հաղթել էր, Ստեփան Դեմիրճյանը հաստատ հաղթել էր: Բայց ամեն մի նման ընտրությունից հետո ժողովուրդն ավելի է հուսալքվում, քանի որ հասկանում է, որ ընտրություններով հնարավոր չէ որևէ բան փոխել: Եվ գերադասում է գնալ այդ 5000 դրամը վերցնել, քան թե ընտրություններին մասնակցել:
– Իսկ փետրվարյան իրադարձություններից հետո ընդդիմադիր ուժերը կարո՞ղ են համախմբվել ու արդյունավետ պայքար ծավալել: Չէ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, իսկ ընդդիմությունը Գագիկ Ծառուկյանի հնարավորություններից օգտվելով՝ ավելի ուժեղ էր:
– Դե լավ էլի: Պարզապես փոքր հույս կար, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Ամեն դեպքում օլիգարխը չէր կարող հոսանքին հակառակ գնալ: Այդտեղ էլ մութ բաներ շատ կային, բայց չեմ կարող դրանց մասին ասել: Ամեն դեպքում խոսքը գործ չէր: Իսկ միամիտները կարծում էին, որ խոսքը միշտ գործ է լինում: Պարզապես շատերը չհավատելով՝ հինգ տոկոս հույս ունենալով՝ փորձում էին գործընթացներին մասնակից լինել:
– Իսկ այս ընդդիմադիր ուժերը կծավալե՞ն անկեղծ պայքար: Հատկապես որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն են եղել:
– Պատմությունը կրկնվում է: Մոռացե՞լ եք ՕԵԿ-ին և այլընտրանք ԲՀԿ-ին: Արտաշես Գեղամյանի՞ն հիշեցնեմ: Իրար անպատվեցին, հիմա էլ միասին բաժակ են խփում: Իհարկե, դժվար է թեժ պայքար ակնկալել, բայց պետք է հույսը չկորցնել: Իհարկե, չի բացառվում, որ պայքար ձևավորվի, չի բացառվում, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Հատկապես որ այսօր ժողովրդի վիճակը շատ է վատ: Ամեն դեպքում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ընդվզում առաջացավ, և չի բացառվում, որ այն կրկնվի և ավելի հզոր լինի: Դուք հավանաբար գիտեք, որ շատ ծանր է նաև փոքր ու միջին բիզնեսի վիճակը, այն գնալով վերանում է: Ես շատ ծանոթներ ունեմ, որոնք ասում են, թե արդեն հնարավոր չէ աշխատել: Ստիպում են, որ կաշառք տան, օրինական դաշտում հնարավոր չէ աշխատել: Արդյունքում խանութներն ու փոքր ձեռնարկությունները փակվում են: Տնտեսությունը կործանվում է:







































