Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գագիկ Կ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
36-ամյա զինծառայող, կոչումով՝ մայոր, երկու անչափահաս երեխաների հայր Գագիկը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում իր կնոջ և հարևանությամբ բնակվող Հ. Գ.-ի միջև արտաամուսնական հարաբերությունների առկայությունը վերջինիս պահանջով պարզելու նպատակով իր անձնական օգտագործման մեքենայով կնոջ հետ գնացել է Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինություն:
Գագիկ Կ.-ն հանդիպել է Հ. Գ.-ին և, առաջադրված մեղադրանքի համաձայն, վերջինիս կողմից «ամիսներ շարունակ պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» «ՊՄ» տեսակի ատրճանակով, որը լիցքավորված էր ապօրինի ձեռք բերված ռազմամթերք փամփուշտներով, 7 անգամ կրակել և տեղում սպանել է Հ. Գ.-ին:
Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:
Գագիկ Կ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































