Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործը երկրորդ անգամ քննվեց վերաքննիչ դատարանում: Գործով դատավճիռ է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:
30-ամյա Արամայիսը հենց իր 30-ամյակի օրը՝ 2014 թվականի հունվարի 2-ի կեսգիշերին, վարել է իր համագյուղացի ու ընկեր Արթուր Ա.-ի «ԳԱԶ 31-10» ավտոմեքենան՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհով:
Մեքենայի մեջ, բացի ղեկի մոտ նստած Արամայիսից ու մեքենատեր Արթուրից, եղել են ևս երկու ուղևորներ՝ Կարեն Գ.-ն ու Արտաշես Ա.-ն:
Ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի վրա Արամայիս Հ.-ն, ըստ մեղադրանքի, իրականացրել է մեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, հաշվի չի առել ճանապարհային դժվարին պայմանները, ստեղծել է վթարային իրադրություն:
Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել է ծառին: Վթարի հետևանքով մեքենատեր Արթուր Ա.-ն և ուղևորներից՝ Կարեն Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ ու կողմերի համաձայնությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Տուժողների իրավահաջորդները՝ մահացածների կանայք դատական բոլոր ատյաններում ասել են, թե Արամայիսից պարտք ու պահանջ չունեն, խնդրել են նրա նկատմամբ… մեղմ՝ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակել:
Ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Հ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի առել այն, որ վթարից հետո Արամայիսը «ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ չի լքել դեպքի վայրը, տուժողներին օգնություն է ցուցաբերել, հետագայում նա հաշտվել է տուժողների իրավահաջորդների հետ, վերջիններս քաղհայցի պահանջ չեն ներկայացրել, ավելին, խնդրել են ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Տուժողների իրավահաջորդ կանայք խնդրել են Արամայիսի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել երկարատև փորձաշրջան, որը կապահովի պատժի նպատակներին հասնելը:
Համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան չազատազրկել, քանի որ Արամայիս Հ.-ի խնամքին 6 անձ կա՝ չորս մանկահասակ երեխաներ, որոնցից ավագը 8 տարեկան է, ինչպես նաև՝ երեխաների խնամքով զբաղվող, չաշխատող կինն ու անկողնային հիվանդ, ծեր տատը:
Ըստ համայնքից տրված տեղեկանքի՝ Արամայիսի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի միակ կերակրողը Արամայիսն է: Բացի դրանից, զինծառայության ընթացքում Արամայիսը դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ:
Դատարանը մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, մեղավոր է ճանաչել Արամայիսին և դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Արամայիս Հ.-ի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 4 տարի փորձաշրջան: Նրա վրա պարտականություն է դրվել՝ չփոխել մշտական բնակության վայրը: Արամայիս Հ.-ի կալանքը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով բեկանել դատական ակտը և Արամայիս Հ.-ին դատապարտել իրական ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:
Ըստ բողոքաբերի՝ ընդհանուր իրավասության դատարանը, թույլ տալով օրենքի խախտում, ամբաստանյալին հնարավորություն է տվել իրական պատիժ չկրելու, ինչը, ըստ դատախազի, չի համապատասխանում հանցանքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին:
Վերաքննիչ քրեական դատարանում տուժողների իրավահաջորդները նշել են, որ Արամայիսը վթարից հետո չի լքել դեպքի վայրը, նա դեպքից անմիջապես հետո «իր վարքագծով ցուցաբերել է բարձր մարդկային որակ, նա խմած չի եղել, արագությունը չի գերազանցել, փորձանք է պատահել, նա անզգույշ արարք է թույլ տվել…»:
Սոցիալական ծանր պայմաններում ապրող ամբաստանյալը հատուցել է տուժողների ընտանիքներին պատճառած վնասը, հաշտվել է նրանց հետ, ըստ տուժողների իրավահաջորդների՝ «Արամայիսն իրենցից շատ է տառապում կատարվածի համար, նրա հոգեկան վիճակը նույնպես խախտվել է, նա ոչ մի սխալ քայլ չի կատարել դեպքից հետո, Արամայիսը եղել է մահացած տղամարդկանց մտերիմ ընկերը, եղել է եղբոր նման, կալանքից ազատվելուց հետո նա կանգնել է իրենց կողքին՝ իրեն ճիշտ է պահել»: Արամայիսն ունի «ծանր ընտանիք», ազատության մեջ մնալով՝ նա կլինի ընտանիքի կողքին, կաջակցի նաև իրենց:
Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, թե ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելով՝ օրենքի խախտում թույլ չի տվել, հաշվի է առել բոլոր հանգամանքները:
Դատախազի բողոքը մերժվել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Սակայն վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը՝ պնդելով, որ Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելով, դատական նախորդ երկու ատյանները խախտել են օրենքը:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Վթարների գործերով հաճախ են դատարանները պատահարի վայրից չհեռանալը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտում, ինչը օրինական չէ: Այս գործով վճռաբեկ բողոքը բավարարելով՝ վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային որոշում, որը կարող է ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, գործն ուղարկել է վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ քրեական դատարանը այլ կազմով քննեց Արամայիսի գործը:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը, չնայած պաշտպանեց իրենց դիրքորոշումը, թե Արամայիսին իրական ազատազրկման չդատապարտելով՝ դատարանները ճիշտ են վարվել, հաշվի են առել ամբաստանյալի ընտանեկան ծանր վիճակը, տուժողների, համայնքի խնդրանքները, սակայն մյուս կողմից էլ նա իր պաշտպանյալին նախապատրաստել էր, որ վերաքննիչ դատարանը Վճռաբեկ դատարանի որոշման լույսի ներքո է դատական ակտ կայացնելու:
Ամբաստանյալը բավական հուսահատ տեսք ուներ, նա ոչ մի բառով իր ընդդիմությունը կամ դժգոհությունը չհայտնեց: Նստած էր մոլորված, ճակատագրով դատապարտվածի հնազանդությամբ: Այդպես էլ ոտքի կանգնեց ու լսեց վերաքննիչ դատարանի նոր որոշումը՝ հուսահատ, առանց «էմոցիաների»:
Մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվեց:
Պատժի մասով դատավճիռը փոփոխվեց: Արամայիս Հ.-ն դատապարտվեց 4 տարի իրական ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանը Արամայիսի խափանման միջոցը չփոփոխեց, նրան առայժմ թողեց ազատության մեջ: Երբ այս դատական ակտը ուժի մեջ մտնի, կալանքի տակ առնվելու համար Արամայիսն իր ոտքով կներկայանա իրավապահներին…









































