1924թ. այս օրը ծնվեց մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազում մրցանակների արժանացած հայ բեմի նշանավոր արվեստագետ, դրամատիկական և կատակերգական դերերի բարձրարվեստ կատարող, հանպատրաստից խաղի փայլուն ներկայացուցիչ Վարդուհի Վարդերեսյանը:
«1946-ն էր: Ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու: Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի և մեծագույն փափագ ունեի վերադառնալ հայրենիք ու դառնալ դերասանուհի»,- թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է դերասանուհին:
Այսպես Վարդուհի Վարդերեսյանը վերադարձել է հայրենիք, ընդունվել Գյումրու թատրոնը, որտեղ և ստացել է դերասանական մկրտությունը:
Վարդուհի Վարդերեսյանի կերտած կերպարներից շատերը` «Մոր սիրտը», «Պատվի համար» ֆիլմերում, վաղուց դարձել են դասական ստեղծագործություններ և հայկական կինոարվեստի լավագույն նմուշներ: 1961թ. նա «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ մարմնավորել է Ջոնիին, որը դարձել է նրա կերտած լավագույն կերպարը:
Այսօր դերասանուհին իր գեղարվեստական բարձր կատարումներով շարունակում է ստեղծագործել, որի ապացույցն են վերջին տարիների երեք փայլուն դերակատարումները` Իշխանուհին («Հին աստվածներ»), Ռանևսկայան («Բալի այգին») և Շնորհիկը («Ախացել»):
Մեծ է Վարդերեսյանի ավանդը հայ կինոյում, որտեղ նրա ստեղծած Մարգարիտը («Պատվի համար»), Թագուհին («Կարինե») և բազմաթիվ այլ դերեր, սիրվել են ժողովրդի կողմից:







































