Ապրիլի 8-ին մեկ միլիոնանոց երթ կազմակերպած ռեժիսոր Արշակ Զաքարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երթի անցկացվել-չանցկացվելը դեռ քննարկման փուլում է: Նա նշեց, որ ճիշտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այդ հարցը քննարկելը, և դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Մենք միասնական ենք գործելու։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այսօր Ազատության հրապարակում ասաց, որ իր համար երթը չի կարող լինել առանց իր պատասխանատվության։ Եթե քննարկման ընթացքում այլ բան որոշվի, ապա ես երթի մասնակիցներին կուղղորդեմ դեպի այդ շարժումը, որն իրենք կնախաձեռնեն»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչու է որոշել հիմա դառնալ ընդդիմադիր, չէ՞ որ 2008-ին ընտրել է հենց Սերժ Սարգսյանին, Ա. Զաքարյանն ասաց. «Ամեն մեկս մի բանով պետք է փորձենք օգուտ տալ, ես, այո՛, ընտրեցի Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով որպես պաշտպանության նախարար նրա կատարած գործունեությունը, բայց հիասթափություն ապրեցի: Եթե, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ սխալ անի, նրանից էլ կհիասթափվենք, իհարկե՝ հենց ընտրողը պետք է հիասթափվի, եթե տվյալ մարդն իրեն հիասթափեցնում է:
Չեմ ընտրել 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև հենց իր և ՀՀՇ-ի օրոք իմ ընտանիքը սարսափելի ռեպրեսիաների ենթարկվեց։ Ես չէի ուզում, որ նրանք ետ գան, մենք՝ իմ ընտանիքը ՀՀՇ-ի տուժածն է, նրանք «սպիտակ» եղեռն իրականացրեցին Հայաստանում. ինչպե՞ս կարող էի նրան ձայն տալ: Ես պարզապես ընտրեցի չարյաց փոքրագույնը՝ հետո հասկացա, որ սխալվել եմ Սերժ Սարգսյանի հարցում։ Այդ պատճառով էլ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եմ»:









































