Մինչ հասարակական և քաղաքացիական շերտերը քննարկում կամ բոյկոտում են Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, հաստիքային ընդդիմադիրները, փաստորեն վայելելում են արձակուրդը: Չի բացառվում, որ նրանք իշխանության հետ նույնիսկ պայմանավորվել են համատեղ արձակուրդի մասին, բայց իշխանություններն, ինչպես միշտ, խաբել են, ասել են մի բան, պայմանավորվել և լրիվ այլ բան են արել:
Ընդդիմությունն ուներ ընտրություն՝ ոչ թե աշնանը թողնել Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ պայքարը, այլ այսօր, այստեղ, ինչպես ասում են` հիմա, կամ էլ գնալ արձակուրդ, այսինքն` չփոխել պլանները: Այսպիսով, ընդդիմության կեցվածքը վկայում է, որ ընտրվել է արձակուրդի տարբերակն ու «պայքարը» տեղափոխվել է աշուն: Դե երևի արդեն գնվել են շատ ավիատոմսեր, կատարվել են հյուրանոցային ամրագրումներ ամառային հանգստի համար, և այդ ամենը չեղյալ հայտարարելը իսկապես բարդ բան կլինի: Այդ իսկ պատճառով, ընդդիմադիրները չեն տրվում իշխանությունների սադրանքին և չեն փոխում արձակուրդի մտադրությունը, համ էլ ցույց տալով, որ հավատարիմ են իշխանության հետ պայմանավորվածություններին՝:
Այդ ընթացքում ընդդիմությունն, իհարկե, հերթապահ գործունեություն է ծավալում, այսինքն` հերթապահություն է սահմանվել: Իսկ ի՞նչ կանեն աշնանը: Այս հարցի պատասխանը չկա: Այսինքն` հայտարարությունները, որ համարժեք պատասխան կտան, որ հանրահավաք կանեն, ըստ էության ոչինչ չեն նշանակում: Եվ եթե սեպտեմբերին այդ հայտարարն ընդամենը համատեղ ճակատի ձևավորում է, ինչպես մեր լրատվամիջոցին ասել էր Ժառանգություն կուսակցության վարչության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանը, ապա այստեղ արդեն տարակուսելի վիճակ է, քանի որ ճակատը պետք է միջոց լինի, ոչ թե նպատակ:
Համենայնդեպս, այլ նպատակների ազդարարում չի եղել, երբ հնարավոր կլիներ դրանց միջոցով հասարակությանն, այսպես ասած, տաք պահել, «մարզավիճակի» մեջ պահել աշնան համար: Սակայն, մյուս կողմից, ընդդիմությունն ինքն էլ չգիտե, թե ինչ կասի կամ կանի աշնանը: Բանն այն է, որ ներքաղաքական խաղի տրամաբանության առանցքում շարունակում է մնալ Ռուսաստանի կարծիքը: Այսինքն` ներքաղաքական գործընթացները և՛ իշխանությունների, և՛ ոչ իշխանական ուժերի մոտ պլանավորվում են մեկ գլխավոր ելակետով՝ ինչ կասի Ռուսաստանը կամ ինչ կմտածի Ռուսաստանը, իսկ ի՞նչ պլաններ կամ ակնկալիքներ ունի Ռուսաստանը: Բոլոր հաշվարկները կատարվում են եթե ոչ անմիջականորեն Ռուսաստանի այս կամ այն շրջանակի հետ խորհրդակցելուց հետո, ապա անպայման մտածելով և հաշվարկելով հնարավոր արձագանքները: Հետո միգուցե գալիս են Ամերիկայի և Եվրոպայի արձագանքների հաշվարկները: Ու քանի որ ներկայումս աշխարհում իրադարձությունները զարգանում են շատ դինամիկ, բնական է, որ հուլիս-օգոստոսին անհնար է ասել, թե արտաքին կոնյունկտուրան ինչպիսին կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին:
Հասկանալի է, որ լիովին արտաքին քաղաքական ուղղակի կամ անուղղակի «ցուցումների» տակ հայտնված քաղաքական դաշտի համար շատ բարդ է այդպիսի ինտենսիվ հոսքերի պայմաններում նույնիսկ միջնաժամկետ պլանավորում իրականացնել, հատկապես, որ առավել քան ակնհայտ են ընդդիմադիր առանձին ուժերի երկարաժամկետ նպատակների ու պատկերացումների տարբերությունները: Այդ պայմաններում, երկու-երեք ամսի հեռավորության վրա համատեղ ճակատ պլանավորելը և հայտարարելը ինքնին արդեն մեծ ձեռքբերում է: Բայց, անգամ այդ պայմանավորվածությունը չի կարող լինել վստահելի, որովհետև չեն բացառվում ներքին պայմանավորվածություններ իշխանությունների հետ, ինչին ականատես ենք եղել բազմաթիվ անգամներ:
Լուսանկարը՝ armtimes.com-ի




































