MK-Turkey-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին դիմել է «Արդարություն ու զարգացում» և «Ժողովրդահանրապետական» կուսակցություններին՝ կոչ անելով հնարավորինս արագ ձևավորել երկար սպասված կոալիցիոն կառավարությունը։
Բահչելին ընդգծել է, որ ժամանակավոր կառավարությունն արդեն իսկ ապացուցել է, որ այլևս չի կարող ղեկավարել երկիրը։ Բահչելին ընդգծել է երկրում բռնությունների աճը՝ հավելելով, որ ներկա դրությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարը մղվել է երկրորդ պլան:
«Երկրում իրավիճակը կտրուկ վատթարանում է։ Մենք դառնում ենք իրադարձությունների սարսափելի զարգացման ականատես։ Թուրք ժողովուրդը բոլոր կողմերից ընկել է կրակի տակ։ Այս շաբաթ պետք է ձևավորվի ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիոն կառավարություն, և այդ ժամանակ մեր երկիրը կկարողանա հանգիստ շունչ քաշել։
Ներկա դրությամբ քաղաքական որևէ կուսակցություն չի կարող կենտրոնանալ պետության ու ազգի բարգավաճման վրա։ Այդպիսով, արտահերթ ընտրությունների հարցը Թուրքիայում մղվել է երկրորդ պլան։ Մենք ակնկալում ենք, որ ԱԶԿ-ն ու ԺՀԿ-ը վերջապես նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը և կձևավորեն կոալիցիոն կառավարություն»,- ասել է նա։









































