Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Վրաստանի ու Հարավային Օսիայի վարչական սահմանին կատարված վերջին փոփոխությունները:
«Բոլոր նրանք, ովքեր գլուխ են հանում ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներից, կհամաձայնեն, որ դժվար է պատկերացնել, որ մոտ ժամանակներս Վրաստանը կունենա այնպիսի կառավարություն, որը Ռուսաստանի համար կլինի նույնքան հարմարավետ, ինչպիսին որ ներկայիս կառավարությունն է։
Այս կառավարությունը բացել է դռները և չի խոչընդոտում ռուսական քարոզչամեքենային, բանտերից հանել է ռուսական լրտեսներին, հետապնդում է Ռուսաստանի կարծիքով՝ թիվ 1 թշնամուն՝ Միխեիլ Սաակաշվիլուն։
Այս կառավարության քաղաքականության հետևանքով Վրաստանն անհետացել է միջազգային քաղաքականության ռադարներից, դե-ֆակտո դադար է տրվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացին և այլն։ Ռուսաստանի գործողությունները հարվածում են ներկայիս կառավարության վարկանիշին, քանի որ «Վրացական երազանքի» գլխավոր խոստումներից մեկը եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Փոխարենը մենք ստացանք Աբխազիայի ու Ցխինվալիի դե-յուրե բռնակցում, օկուպացիոն գծի շաբաթական առաջխաղացում, Տրուսո լեռնանցքի օկուպացման վտանգ։ Ի հավելումն՝ վերջին շրջանում ի հայտ է եկել Մեդվեդևի կողմից էմբարգոյի նոր սպառնալիք և Աբխազական երկաթուղու վերականգնման հնարավորություն»,- գրել է նա։







































