«Օսկար» մրցանակաբաշխության 85-րդ արարողության պրոդյուսերները հանդես են եկել ի պաշտպանություն միջոցառման հաղորդավար, դերասան Սեթ Մաքֆարլեյնի, որի կատակները քննադատությունների տեղիք են տվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պրոդյուսերներ Նիլ Մերոնն ու Քրեյգ Զադանը այսպես են պատասխանել քննադատություններին. «Մենք շատ գոհ ենք Սեթի ցնցող աշխատանքից, նա արել է հենց այն, ինչ մենք ցանկացել ենք տեսնել»,- ասել է Մերոնը և հավելել, որ Սեթը պարզապես մեկնաբանել է այն, ինչ տեղի է ունենում մշակույթի հետ: «Լսարանը գանգատվել է, որ «Օսկարը» վաղուց կորցրել է ակտուալությունը: Կարծում եմ՝ մեզ հաջողվեց այն դարձնել մշակութային երկխոսության մաս»,-ընդգծել է պրոդյուսերը:
Փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնի բեմից հնչեցվել են կատակներ Հոլիվուդում առաջընթացի համար հրեա լինելու անհրաժեշտության, Ռիհաննայի և Քրիս Բրաունի միջև սկանդալի մասին, ինչպես նաև ակնարկ՝ դերասաններ Էդի Մերֆիի և Դենզել Վաշինգտոնի նմանության մասին:
Չնայած քննադատություններին՝ Մաքֆարլեյնին հաջողվել է բարձրացնել շոուի դիտման վարկանիշը: Այն դիտել է 40.3 մլն ամերիկացի, 11 տոկոսով մեծացել է 18-39 տարեկան հանդիսականների կատեգորիան:








































