Ղրղըզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին: Ներկայումս Ղրղըզստանի միանալու բոլոր ներքին վավերացման գործընթացներն ավարտված են միության բոլոր անդամ երկրներում:
ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության և մաքսային վերահսկողության չեղարկման գործընթացների իրականացման հետ կապված միջոցառում է անցկացվում «Ակժոլ-ավտոճանապարհային» անցակետում:
Մաքսային վերահսկողությունը չեղարկվել է ղրղըզա-ղազախական պետական սահմանի բոլոր 8 անցակետերում, իսկ Ղրղըզստանի տարածքում ուժի մեջ են մտել միասնական մաքսային սակագինը և ԵՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացուցակը, նաև ապրանքների հարցում միասնական պահանջները՝ սահմանված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով:







































