«Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից ժողովրդական պատգամավոր Օլեգ Մուսին Գերագույն ռադայում գրանցել է մի օրինագիծ, համաձայն որի` Ուկրաինայի գումարային ամենափոքր միավորի` կոպեկի անվանումը առաջարկվում է փոխարինել «ռուբլիով»: Այս մասին «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը հայտնում է Facebook-ի իր էջում:
Պատգամավորի խոսքերով` Ուկրաինայում ազգային արժույթի ամենափոքր մասը «կոպեկ» անվանելն անհիմն է: «Շատ պատմական աղբյուրներից գիտենք, որ գրիվենի նվազագույն մասը եղել է հենց ռուբլին»,- նշել է խորհրդարանականը:
Մուսին ընդգծել է, որ իր առաջարկած օրինագիծը կոչված է «վերականգնելու պատմական արդարությունը»:








































