«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու կազմում ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:
– Տիկին Նահապետյան, Երևանի ավագանու կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը մեզ հետ հարցազրույցում բազմաթիվ թերություններ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքում: Ասաց, որ եթե խնայողություններ կատարեն և ներդրողներ գտնեն, կկարողանան Երևանի երկրորդային փողոցների ասֆալտապատման ու լուսավորությունների հարցը լուծել, որ ոչ միայն Կենտրոնը, այլ վարչական մյուս շրջաններն էլ համաչափ կզարգացնեն: Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ այդ քայլերը չի կատարում:
– Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, քանի որ մենք շատ հաշտ ու համերաշխ աշխատում ենք ԲՀԿ-ի մեր գործընկերների հետ և բոլոր հարցերը միանշանակ քննարկում ենք: Կա Երևան քաղաքի զարգացման ծրագիր, որն ընդունվել է միաձայն, և չի եղել դեպք, որ իրենց կամ մեր առաջարկը չընդունվի: Իրենք ունեցել են 7-8 առաջարկություններ, որոնք ընդունվել են:
– Բայց նա ասում է, թե 40-50 առաջարկություն են արել:
– Նման բան հնարավոր չէ, քանի որ 2009-2013թթ. եղել է ավագանու 54 նիստ, ինչպես նաև 18 արտահերթ նիստ, քննարկվել են 608 իրավական ակտեր, որոնցից 21-ը հանվել են օրակարգից, ընդունվել է 587 որոշում: Հանրապետական խմբակցությունը հանդես է եկել 41 նախաձեռնությամբ, որից 19-ը եղել է մեր հանձնաժողովինը: Պարոն Գասպարյանը թվերը երևի խառնել է:
– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ անցած շաբաթ բավականին խիստ արտահայտվեց մայրաքաղաքի կառավարման թերությունների մասին: Քննադատեց, թե ծայրամասային վարչական շրջանները համաչափ չեն զարգանում, և որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ:
– Ես նաև նրա այդ ասածի վրա զարմացա: Իհարկե, պետք է շատ ավելի զարգացնել, և մենք դա շատ ենք ուզում, բայց ավագանու ԲՀԿ խմբակցությունը պարոն Ծառուկյանին ճիշտ չի տեղեկացրել իրականացվող ծրագրերի մասին: Իսկ եթե դեմ են շատ հարցերի, 4 տարի ինչպե՞ս էին ամեն հարցի կողմ քվեարկում: Եթե մի աշխատանք մարդուն դուր չի գալիս, նա պետք է համապատասխան կեցվածք ընդունի: Եթե նրանք հանձնաժողովի և ավագանու բոլոր նիստերի ժամանակ քննարկվող հարցերին կողմ են քվեարկել, նշանակում է ընդունել են տվյալ առաջարկները: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման սկզբից առաջնահերթությունը տրվում է ծայրամասային վարչական տարածքների զարգացմանը: Թե՛ բակային տարածքների վերանորոգման, թե՛ խաղահրապարակների ստեղծման, թե՛ լուսավորման և ասֆալտապատման աշխատանքները համահունչ գնում են բոլոր վարչական տարածքներում:
– Գործող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, հասարակական դժգոհություն կա, և դա վերաբերում է նաև Երևանի իշխանություններին: Հատկապես, որ Հայաստանի քաղաքականապես ակտիվ բնակչությունը Երևանում է ապրում: Չե՞ք կարծում, որ այդ դժգոհության արդյունքում ընտրություններին ՀՀԿ-ն խնդիրներ է ունենալու:
– 20 տարվա անկախ երկիրը չի կարող խնդիր չունենա, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Մեր բոլորիս պատկերացրած ու երազած Երևանին հասնելու համար ժամանակ է պետք: Բացի այդ, նկատի ունեցեք, որ սա առաջին գումարման ավագանու շրջանն է, 2009թ. Երևանն առաջին անգամ դարձավ համայնք: Այսինքն` ավագանու ինստիտուտը նոր է ներդրվել և կայացման փուլում է, թեև իմ կարծիքով` անցած 4 տարիներին շատ բեղմնավոր աշխատանք է կատարվել: 2,5 մլն քմ ասֆալտապատում է եղել, 400 բակ է վերանորոգվել: Դուք հիշեք Աբովյան փողոցը, որը մեծ խնդիր էր երևանցիների համար: Բոլոր տաղավարները հանվեցին: Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ լավ է, այդ աշխատանքները պետք է լինեն շարունակական, մենք պետք է կարողանանք Երևանի զարգացման ծրագրով մայրաքաղաքը բերենք երևանցիների երազած տեսքին:
– Գ. Գասպարյանի խոսքերով, իրենք պայքարել են և թույլ չեն տվել, որ Ազատություն և Փափազյան փողոցների կրպակները ապամոնտաժվեն: Որ բակային և մինիշուկաների ստեղծման գաղափարն էլ իրենց է պատկանում: Փաստորեն, որքան նման աղմկոտ հարցեր են եղել, ԲՀԿ խմբակցությունն է հարցի լուծում առաջարկել:
– Կրպակների ապամոնտաժումը եղել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգը՝ ԱԺ-ի կողմից ընդունված որոշման համաձայն: Հարցը դրվել է այսպես՝ այն կրպակը, որի վարձակալության պայմանագրի ժամկետը ավարտվել է, այն չի երկարացվել, և կրպակը ապամոնտաժվել է: Իսկ այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը մինչև 2014, 2015 թվականն են եղել, մինչև այժմ դեռ գործում են: Մինի-շուկաններն էլ քաղաքապետարանի առաջարկն է եղել, որ մարդկանց բերեն ավելի ցիվիլ աշխատանքային պայմանների: Եվ ամենակարևոր բանը, որ կարողացանք անել, այն է, որ Երևաննախագիծը պատրաստեց նմանատիպ շուկաների և կրպակների ձևեր, որոնք հետագայում դարձան տիպային մոդելներ:
– Այսինքն` ԲՀԿ-ի Ձեր գործընկերն այնքա՞ն էլ ճիշտ չի ներկայացնում:
– Ես նրանց շատ հարգում եմ, իմ ընկերներն են: Ես չեմ կարող իմ գործընկերոջն ասել, թե սխալ է ասում, դա իր մոտեցումն է: Քաղաքապետարանում գոյություն ունի վարչություն, որը կանոնակարգում է Երևանի ավագանու աշխատանքը: Զանգեք և այնտեղից տեղեկացեք առաջարկների և կատարված աշխատանքների մասին:
– Իսկ աշխատանքային ի՞նչ հարաբերություններ ունեք ԲՀԿ խմբակցության հետ, կոնֆլիկտներ, անհամաձայնություններ լինո՞ւմ են: ԲՀԿ նախորդ խմբակցության ղեկավարի դեպքում բավականին աղմկոտ տարաձայնություններ ունեիք:
– Շատ բուռն քննարկումներ են եղել, բայց եկել ենք շատ կառուցողական ընդհանուր եզրահանգման: Ի տարբերություն ԱԺ-ի՝ այստեղ մեր հարաբերությունները շատ հաշտ են եղել: Հարցեր են եղել, որ բոլորս ենք պատկերացրել, որ անընդունելի են: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության նախորդ ղեկավարին, նա առաջին քաղաքապետի հետ ինչ-որ անձնական հարցեր էր ցանկանում պարզաբանել, որը չեմ էլ հիշում, թե ինչի հետ էր կապված: Այնպես չէ, որ այդ խնդիրը քաղաքի հարցերի հետ էր կապված:
– Ամեն դեպքում ԲՀԿ-ն բավականին կոշտ և ընդդիմադիր կեցվածքով է մտնում Երևանի ավագանու ընտրությունների պայքարի մեջ: Մտավախություն չունե՞ք, որ համատարած դժգոհությունների պայմաններում խնդիրներ կունենաք:
– Ես ցավում եմ այդ կոշտության համար, և կարծում եմ, որ իրենց կատարած աշխատանքի հիման վրա չէր կարելի այդպիսի կեցվածք ընդունել: Իրենք մեզ հետ միասին արել են նույն աշխատանքը: Եվ ցանկանում եմ նշել, որ բավականին լուրջ աշխատանք է կատարվել՝ 30.000 ծառատունկ, 500 հա կանաչապատ տարածքը դարձել է 840 հա: Այս թվերի տակ բավականին մեծ աշխատանք է կատարվել: Եթե իրենք այդ ամենը մեզ հետ միասին անելով՝ հիմա այլ կեցվածք են ընդունում, անհասկանալի է:









































