ԱՄՆ-ի իշխանություններն ու սիրիական ընդդիմությունը սկսել են խորապես ուսումնասիրել Սիրիայում իշխանության գործող ինստիտուտների պահպանման հարցը՝ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ այդ քննարկումները հետապնդում են փոխզիջում որոնելու նպատակ, թե՝ ինչպես Սիրիային թույլ չտալ ընկղմվել «քաղաքական վակուումի մեջ, որի ժամանակ կբարգավաճեն ահաբեկիչները, դաշտային հրամանատարները և ռեժիմի անհաշտ կողմնակիցները»:
Ինչպես ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Վաշինգտոնի կարծիքով՝ սիրիական ընդդիմության գլխավոր խնդիրն այն է, որ նա խուսափի, այսպես կոչված, «Բրեմերի խնդրի» առաջացումից: Օբամայի վարչակազմի աշխատակիցը նկատի է ունեցել այն քաոսը, որն առաջացել էր Իրաքում՝ 2003-ին Սադամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելուց հետո Բաղդադում օկուպացիոն իշխանությունների ղեկավար Թոլ Բրեմերի հրամանների հետևանքով: Մասնավորապես՝ նա ցրել էր Իրաքի բանակն ու անվտանգության ուժերը, պետական ապարատը «մաքրել» իշխող Բասս կուսակցության անդամներից: Այդ գործողությունների հետևանքով անկայունությունը բազմակի մեծացել է:
Նրա խոսքով՝ իրենք ընդդիմությանը պարզ ասել են, որ Սիրիայում «դեբաասիֆիկացիան» և բանակի արձակումը ելք չեն: Արաբական սոցիալիստական զարթոնքի Բաաս կուսակցությունը Սիրիայի ղեկին է 1963 թվականից:
WashingtonPost-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը պատրաստել է մանրամասն պլան, որը կոչված է կանոնավոր բանակի զինծառայողներին համոզելու վայր դնել զենքերը: Իդրիսը համաներում է առաջարկում Սիրիայի ԶՈՒ ավագ սպաներին, որոնք վերջին ամիսներին հայտարարել են ապստամբների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն միանալ, ապագայում կդատապարտվեն ռազմական հանցագործությունների մեղադրանքով:
Պարբերականը, չբացահայտելով իր աղբյուրները, հաստատում է, որ «ԱՄՆ-ի լուռ օրհնությամբ» Սաուդյան Արաբիան և Կատարն արդեն ապստամբներին են փոխանցում զենիթա-հրթիռային համալիրներ: Ներկայում սիրիական ընդդիմությունն իր վերահսկողության տակ է վերցրել այն տարածքը, որտեղ արտադրվում է Սիրիայի ՀՆԱ-ի ավելի քան 60 տոկոսը:








































