Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էր-Ռիյադը կողմ է արտահայտվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը։ Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
«Սիրիայի ճգնաժամի հանդեպ Սաուդյան Արաբիայի թագավորության դիրքորոշումը փոփոխություն չի կրել, այն հենված է Ժնևյան առաջին կոմյունիկեի կետերի վրա, ըստ որի՝ ապագա Սիրիայում տեղ նախատեսված չէ ներկայիս նախագահ Բաշար Ասադի համար։ Մենք կարծում ենք, որ ԴԱԻՇ-ի հայտնվելու հիմնական պատճառը հենց Բաշար Ասադի պահվածքն է, քանի որ նա իր զենքն ուղղել է ոչ թե ԴԱԻՇ-ի, այլ՝ իր ժողովրդի դեմ։ Այդ պատճառով էլ մենք չենք տեսնում ապագա Սիրիայում Բաշար Ասադի տեղը։ Մենք կարծում ենք, որ Բաշար Ասադը խնդրի մասն է և ոչ թե սիրիական ճգնաժամի կարգավորման մասը»,- ասել է Ադել ալ-Ջուբեյրը։










































