«Լացիո»-ի, «Յուվենտուս»-ի և «Վեսթ Հեմ»-ի նախկին հարձակվող Պաոլո Դի Կանիոն «Լիվերպուլ»-ի ռմբարկու Մարիո Բալոտելիին կոչ է արել ավելի լուրջ վերաբերել կարիերային: Իտալացու կարծիքով՝ Բալոտելին շատ է ուշադրություն դարձնում կողմնակի երևույթներին և ընդհանրապես չի մտածում ֆուտբոլի մասին:
«Ֆուտբոլիստը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում համագործակցել խաղընկերների հետ: Սակայն Մարիոն չի կարող անել դա: Շատ մարզիչներ են փորձել փոխել նրան: Մանչինին նրա ֆուտբոլային հայրն է, սակայն արդեն Ռոբերտոն էլ է հրաժարվում Բալոտելիին «Ինտեր» վերադարձնել:
Մոուրինյոն ամեն ինչ հասկացավ ի սկզբանե: Նա հիանալի է կարդում խաղացոներին և անմիջապես տեսավ, որ Բալոտելիին փոխել հնարավոր չէ:
Շուտով Մարիոն 25 տարեկան կդառնա: Նա ինքը պետք է փոխի իրեն: Բալոտելին երիտասարդ է և ուժեղ, բայց երբեք չի օգտագործել իր հսկայական ներուժը: Հույս ունեմ, որ իրավիճակը դեռ կփոխվի:
Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է Մարիոն անցկացնում համացանցում, տպավորություն է ստեղծվում, որ նա օգտագործում է ֆուտբոլը՝ հայտնի դառնալու համար»,- Talk Sport-ը մեջբերում է Դի Կանիոյի խոսքերը:





































