Անցած տարեվերջին ոլորտի պաշտոնյաներն ամեն կերպ գոհունակություն էին հայտնում տարվա արդյունքներից, շեշտում, որ ցանքատարածություններն ավելացել են՝ դրանում որպես առաջնային գործոն կարևորելով կառավարության կողմից ցուցաբերված աջակցությունը՝ սերմացուի տրամադրում, պարարտանյութի, դիզվառելիքի ու վարկերի տոկոսների սուբսիդավորում և այլն: Սակայն գյուղնախարարության ինքնագովասանքի անտեղի լինելը ապացուցվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, որոնք ԱՎԾ-ին տրամադրել է նույն ԳՆ-ն:
Այսպես, 2012թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունն իրոք ավելացել է 14 հազար 394 հեկտարով՝ 2011թ. 157 հազար 812 հեկտարի փոխարեն 2012-ին կազմելով 172 հազար 206 հեկտար: Ավելացել է նաև հավաքված բերքը՝ 154 հազար 407 ցենտներով, և 2011-ի 4 մլն 406 հազար 710 ցենտների փոխարեն կազմել 4 մլն 561 հազար 117 ցենտներ:
Սակայն հետաքրքրական է, որ չնայած եղանակային բարենպաստ պայմաններին, պարարտանյութերի առկայությանը՝ նվազել է 1 հեկտարի միջին բերքատվությունը՝ 2011-ի 27.9 ց/հա-ից 2012-ին կազմելով 26.5 ց/հա:
Իսկ գյուղնախարարությունը, չգիտես ինչու, բերքատվության նվազման փաստի մասին լռում է:











































