Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Советский спорт» պարբերականի լրագրողների հարցերին: «Չերնոմորեց»-ի դեմ հանդիպմանը Հենրիխը հեղինակել է իր 19-րդ գոլը Ուկրաինայի առաջնության շրջանակներում անցկացրած 20 հանդիպումներում: Մեկ մրցաշրջանում խփած գնդակների ռեկորդը կրկնելու համար Մխիթարյանը պետք է ընդամենը 3 գոլ հեղինակի ` մնացած 9 տուրերում:
«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարող ես գոլ հեղինակել, հնարավոր է` ոչ: Ինձ համար ամենակարևորը թիմի հաղթանակն է:Եթե հնարավորություն ունեմ փոխանցում կատարելու, անպայման կանեմ դա: Ինձ համար գոլն ու գոլային փոխանցումը հավասարազոր են:
Լուչեսկուի մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ որինչ չեմ կարող ասել: Որոշում կկայացնեն ակումբի նախագահն ու անձամբ մասնագետը: Եթե Լուչեսկուն լքի «Շախտյոր»-ը, կհարգենք նրա որոշումը: Նա իրավունք ունի իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել:
Ինչ վերաբերում է «Չերնոմորեց»-ի դեմ խաղին, ապա երևում էր, որ մեր մրցակիցը վճռական էր տրամադրված: Սակայն մենք լավ էինք ուսումնասիրել նրանց խաղն ու գիտեինք, թե որտեղից պետք է վտանգի սպասել: Նշեմ, որ «Չերնոմորեց»-ը հիանալի թիմ է: Ես նրանց հաջողություն եմ մաղթում»,- ասել է մեր հայրենակիցը:






































