Հյուսիսային Կորեայում գործող ՄԱԿ-ի ներկայացուցչությունը միջոցների բացակայության պատճառով «ի վիճակի չէ արդյունավետ արձագանքել այդ երկրում առկա մարդասիրական լուրջ խնդիրներին»:
Ինչպես այսօր ՄԱԿ-ում պարենի զարգացման գրասենյակից հայտնել է ITAR-TASS-ի թղթակիցը, ընթացիկ տարում Հյուսիսային Կորեայում տարբեր նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 147 մլն դոլար: Ներկայում կա այդ գումարի ընդամենը 27 տոկոսը:
Փխենյանում աշխատող ՄԱԿ-ի աշխատակիցների տվյալներով՝ վերջին 12 ամսում Հյուսիսային Կորեայում մարդասիրական իրավիճակը «մի փոքր լավացել է», սակայն երկիրը նախկինի պես ունի միջազգային օգնության կարիք, այդ թվում՝ պարենի մատակարարման, հատկապես բնակչության խոցելի շերտերի շրջանում, որոնք սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի ու վիտամինների կարիք ունեն:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ երեխաների ու կանանց շրջանում լայն տարածում է ստացել անեմիան: Գյուղական բնակավայրերում զգացվում է սերմնացուի ու քիմիական պարարտանյութերի պակաս:
Առավել խոցելի շերտեր են համարվում հղիները, կերակրող մայրերն ու մանկահասակ երեխաները, տարեցներն ու հաշմանդամները, որոնց սննդի հիմնական մասը կազմում է բրինձը, հացահատիկեղենը, կարտոֆիլն ու պահածոյացված բանջարեղենը:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով նրանց տրամադրվում է անհրաժեշտ մթերք՝ բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, սննդային հավելումներ:




































