Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր Բեռլինում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել Վրաստանի ներքին խնդիրներին:
«Մենք աջակցում ենք Վրաստանին` բարեփոխումների իրականացման հարցում: Դա, մասնավորապես, վերաբերում է ընտրական օրենսդրության փոփոխմանը, ինչը պետք է ապահովի առավել կատարյալ և դեմոկրատական ճանապարհով իշխանափոխություն 2012 և 2013 թվականների ընտրություններում: Սաակաշվիլին պետք է դեմոկրատական կուրս ապահովի Վրաստանում:
Մենք կիսում ենք Վրաստանի այն մտահոգությունը, որը կապված է վերջին շրջանում Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների հետ: Դրանք կարող են բացասաբար ազդել տարածաշրջանի կայունության վրա:
Մենք աջակցում ենք Վրաստանի ձգտմանը դեպի Արևմուտք և շնորհակալ ենք նրան` Աֆղանստանում ունեցած իր ներդրման համար»:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականին, իսկ նախագահական ընտրությունները` 2013 թվականին: