British Petroleum ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ դատարան՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետևանքով պատճառված վնասի, ըստ իրենց, տնտեսական փոխհատուցման ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ: Ինչպես հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները, բողոքարկումը ներկայացվել է Նյու Օռլեան քաղաքի դատարան:
Այս դատական ատյանը քննում է այն հայցերը, որոնք ներկայացված են ВР-ի դեմ՝ կապված նավթի արտահոսքի հետ, որը տեղի է ունեցել 2010թ. Մեքսիկական ծոցում գտնվող նավթային հարթակում, հաղորդում է ITAR-TASS-ը:
2012թ. ապրիլին ВР-ն պայմանավորվել էր 100 հազար ամերիկյան ընկերությունների ու ֆիզիկական անձանց ներկայացուցիչների խմբի հետ տնտեսական վնասի փոխհատուցման շուրջ: Բրիտանական ընկերությունը փոխհատուցման հիմնադրամի չափը սահմանել էր 7,8 մլրդ դոլար: Սակայն պարզվել է, որ փոխհատուցման համար հիմնադրամի ծավալից ավելի շատ գումար է անհրաժեշտ:
ВР-ի ներկայացուցիչների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ փոխհատուցման պահանջներ ներկայացնող ընկերությունները գերագնահատել են իրենց կորուստները կամ էկոլոգիական աղետի հետևանքով ընդհանրապես չեն կրել ոչ մի վնաս:
Վճարումների չափը որոշում է Լուիզիանա նահանգից Պատրիկ Ջունոն, որը դատարանի կողմից նշանակվել է փոխհատուցող հիմնադրամի ադմինիստրատոր: Սակայն մեթոդները, որոնցով Ջունոն որոշում է փոխհատուցման գումարները, ВР-ի անհամաձայնությունն են առաջացնում:
Ընկերությունը դատարան հայց է ներկայացրել, փոխհատուցման վճարումը սառեցնելու խնդրանքով, մինչև հիմնադրամի գործունեության մեջ փոփոխություններ մտցվեն:








































