Այսօր Եվրոպան դարձյալ գտնվում է վատ եղանակի ազդեցության ներքո, որը բազմաթիվ վթարների և ճանապարհային խցանումների պատճառ է դարձել:
Լեհաստանի հարավային և արևելյան շրջաններում 15-20 սմ ձյուն է տեղացել: Մեծ խցանումներ են առաջացել երկրի լեռնային ճանապարհներին: Ժամանակավորապես արգելվել է բեռնատար ավտոմեքենաների մուտքը Լեհաստան:
Բուլղարիայում ուժեղ քամու պատճառով ավելի քան 350 բնակավայրեր առանց էլեկտրաէներգիայի են մնացել: Գաբրովո քաղաքում 12 մարդ վիրավորվել և մեկ մարդ զոհվել է, քամին պոկել է էլեկտրալարերը և բազմաթիվ ծառեր շրջել: Քամու արագությունը տեղ-տեղ վայրկյանում 28 մետր է կազմում:
Ռումինիայի հարավային և արևելյան շրջաններում, որտեղ տեղացող ձյունն անձրևի է վերածվում, վտանգի բարձր մակարդակ է հայտարարված: Գետերը դուրս են գալիս հունից և հեղեղում են բնակավայրերը: Իրավիճակը բարդանում է ուժեղ քամու պատճառով, որի արագությունը վայրկյանում 20 մետր է կազմում:
Ֆրանսիան տեղացող ձյան ամեն օրվա համար 20 միլիոն եվրո է կորցնում: Ֆրանսիայի շատ շրջաններում ձյան շերտի հաստությունը 20-30 սմ է, ինչի հետևանքով երկրի հյուսիսարևմտյան շրջաններում խախտվել է ամբողջ երթևեկությունը:






































