Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին Երևանի Արմենակյան փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Նազարյանը, վարելով «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ֆոլցվագեն»-ների վարորդներն ու «Ֆոլցվագեն Գոլֆ»-ի ուղևոր, 34-ամյա Արսեն Պողոսյանը և «Ֆոլցվագեն Վենտո»-ի ուղևոր Հայկ Սևոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
shamshyan.com-ը հայտնում է, որ Կ. Նազարյանը աշխատում է «Բեկոր» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գանձապահ, իսկ Վ. Սողոմոնյանը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:








































