76-ամյա Ամալյա Դամոնտեն հայտարարել է, որ Հռոմի պապը կյանքում կարևորագույն որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ինքը մերժել է նրա ամուսնության առաջարկը: Պապի համերկրացին հաստատում է, որ հենց ինքն է վճռորոշ դեր խաղացել նրա ճակատագրում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«12 տարեկանում նա սիրահարվեց ինձ: Մենք շատ ժամանակ ենք միասին անցկացրել և շուտով մտերմացանք: Խորխե Մարիո Բերգոլիոն շատ էր սիրում տանգո, մենք միասին գնում էինք պարելու»,- ասել է նա:
Իտալական թերթերից մեկի վարկածով՝ Բերգոլիոն սիրելիին նվիրել է անձամբ նկարված նկար, որի վրա պատկերված է եղել կարմիր տանիքով փոքր սպիտակ տուն: Թերթիկի վրա գրված է եղել. «Եթե ես չամուսնանամ քեզ հետ, ապա պարտադիր հոգևորական կդառնամ»:
Երիտասարդ արգենտինացին սիրելիին խոստացել է անպայման գնել այդ տունը նրա համար, եթե նա համաձայնի դառնալ իր կինը:
Ամալյա Դամոնտեի խոսքով՝ այդ ուղերձը զայրացրել է իր ծնողներին, քանի որ նրանք դեմ են եղել վաղ ամուսնություններին:
Աղջկա հարազատներն արել են հնարավորը՝ խոչընդոտելու նրանց հարաբերություններին: Թեև Դամոնտեի համար ծանր է եղել, սակայն նա Բերգոլիոյին «ոչ» է ասել:







































