ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ կինն իրեն ստիպում է ճշտապահ լինել և իրերն իրենց տեղերում դնել: «Միշելն ամեն օր հիշեցնում է, թե ինչքան կարևոր է կարգուկանոնի պահպանումը՝ ճշտապահ լինել, հագուստը պահարանում կախել»,- ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարին տված հարցազրույցում պատմել է Բարաք Օբաման:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը խոստովանել է, որ նախկինում էլ կոկիկությամբ աչքի չէր ընկնում: Հարսանիքից առաջ Միշելը հրաժարվում էր երկար մնալ նրա փոքր բնակարանում, քանի որ ամենուր պիցցայի տուփեր էին թափթփված:
Բարաք Օբամայի խոսքերով՝ իրենք շատ տարբեր մարդիկ են, և դա բացատրվում է նրանով, թե ինչ պայմաններում են մեծացել։ «Միշելն օրինակելի ընտանիքում է մեծացել՝ մայր, հայր և եղբայր: Ինձ մոտ բոլորովին այլ իրավիճակ էր. հայրս թողել էր ընտանիքը, երբ ես շատ փոքր էի: Մայրս հիանալի կին էր, նա արկածներ շատ էր սիրում, սակայն կազմակերպվածությամբ աչքի չէր ընկնում»,- պատմել է նա:
Իր հերթին Միշել Օբաման, նկատել է, որ իրենց երկուսի համար էլ առաջին տեղում ընտանիքն է. «Ամբողջ ազատ ժամանակը մենք փորձում ենք մեր 14 և 11 տարեկան դուստրերի հետ անցկացնե լ»: Մինչդեռ, Բարաք Օբաման նշել է, որ քանի որ աղջիկներն արդեն մեծացել են, այժմ ավելի քիչ ժամանակ են իրենց հետ անցկացնում։ «Միգուցե մենք ամուսիններով որոշենք ակումբներ հաճախել»,- կատակել է նախագահը:








































