Սիրիան դարձել է ամենահայտնի ուղղությունը «ջիհադ-զբոսաշրջության» համար, գրում է բրիտանական The Independent թերթը: Նախքան Սիրիայի քաղաքացիական պատերազմը, երիտասարդ իսլամիստների համար ամենահայտնի ուղղություններն էին Պակիստանը և Սոմալին:
Թերթի տվյալներով՝ արմատական մուսուլմանների թվին պատկանող բրիտանացի երիտասարդները արձակուրդներին մեկնում են Սիրիա, մասնակցում կառավարության դեմ ռազմական գործողություններին, այնուհետև վերադառնում տուն՝ Մեծ Բրիտանիա: Նման ճամփորդությունների կազմակերպիչները իսլամիստական խմբավորումներն են, որոնք գործում են Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նման «ճամփորդություններ»-ին մատների արանքով է նայում, գրում է թերթը: Սակայն վերջին ժամանակներս վերաբերմունքը ջիհադ-զբոսաշրջիկների հանդեպ սկսել է փոխվել: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հետևում են նրանց տեղաշարժին, հարցաքննում Մերձավոր Արևելք այցելած սուր զգացողությունների սիրահարներին:
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները միայն ծայրահեղ դեպքում են ձերբակալում «ջիհադ-զբոսաշրջիկներ»-ին: Թերթը հիշեցնում է, որ երբ 2012թ. ամռանը Սիրիայի Իդլիբ մարզում «Ալ-Դաուա Ալ-Իսլամիյա» խմբավորման գրոհայիններն առևանգեցին բրիտանացի լրագրող Ջոն Կանտիլին և նրա դանիացի գործընկեր Ժերոն Օրլեմանզին, եվրոպացիները նրանց ազատեցին խորհրդավոր «չափավոր զինյալներ»-ի գործողության արդյունքում: Դրանից հետո «Ալ-Դաուա Ալ-Իսլամիյա» խմբավորման առաջնորդ Աբո Մուհամադ Ալ-Շամին սպանվեց, իսկ նրա խմբավորումը՝ ցրվեց:
Թերթի տեղեկություններով՝ Ալ-Շամիի կողմնակիցներից ոմանք եղել են Միացյալ Թագավորության քաղաքացիներ և իրենց առաջնորդի մահից հետո փախել են Մեծ Բրիտանիա: Հատուկ ծառայությունները ձերբակալել են նրանց և նրանց դեմ սկսել են դատական փակ գործընթաց: Սա միակ խոշոր դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները լրջորեն հետաքրքրվել են «ջիհադ-զբոսաշրջիկներով», նշում է The Independent-ը:
Վերջին ժամանակներս գրոհային զբոսաշրջիկների թիվը նվազել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Լոնդոնը և Վաշինգտոնը դատապարտել են Սիրիայի հյուսիսի իսլամիստների գործողությունները: ԱՄՆ-ը Սիրիայի «Ջաբաթ Ալ-Նուսրա» իսլամիստական գլխավոր կազմակերպությունը անվանել է ահաբեկչական և ծավալել «չափավոր ընդդիմությանը» օգնելու ծրագիր: Մեծ Բրիտանիան նույնպես սկսել է ինքնապաշտպանական սպառազինում մատակարարել «չափավոր» ապստամբներին:
«Ջիհադ-զբոսարշջություն»-ը բրիտանացի իսլամիստների մոտ ժողովրդականություն է վայելել նաև նախքան Սիրիայի պատերազմը: ԶԼՄ-ները բազմիցս տեղեկություններ են հրապարակել բրիտանացի տաքսիստների կամ վաճառականների մասին, որոնք իրենց արձակուրդի ժամանակ կռվել են Պակիստանում և Աֆղանստանում՝ ընդդեմ արևմտյան կոալիցիայի:









































