Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր նվաճումները, որոնք ձեռք էին բերվել վերջին 3 տասնամյակների ընթացքում: Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական ILNA գործակալությունը, հայտարարել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:
Ռաֆսանջանին քննադատության է ենթարկել նրանց, ովքեր աջակցում են Ահմադինեժադին և նրա համախոհներին:
«Ես զարմացած են, որ որոշ մարդիկ, հատկապես հոգևորականները, աջակցում են նրանց (նախագահին և նրա համախոհներին-1in.am): Առավել տարօրինակ է, որ նրանք չեն դադարեցնում այդ աջակցությունը նաև հիմա, երբ բոլորը հասկացել են նրա իրական էությունը»,- ասել է նախկին նախագահը:
Ռաֆսանջանին Ահմադինեժադին և նրա համախոհներին մեղադրել է երկրում տիրող անկարգությունների պատասխանատվությունից խուսափելու մեջ, որը նրա խոսքով, հենց ներկա իշխանություններն են ստեղծել: Նա նշել է, որ վարչակարգը, ընդհանուր առմամբ, կործանիչ քաղաքականություն է վարում:
Ռաֆսանջանին, սակայն, չի նշել՝ արդյոք ինքը կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք նախատեսվում են 2013թ. հունիսի 14-ին: Նշենք, որ ըստ սահմանադրական նորմերի՝ Ահմադինեժադն այլևս չի կարող մասնակցել ընտրություններին:







































