Ջենովայի 62-ամյա բնակիչը կյանքում առաջին անգամ ստացավ անձը հաստատող վկայական, հայտնում է TheLocal.it-ը:
Ինչպես նշում է պարբերականը, տղամարդը այդ ամբողջ ընթացքում պետության համար եղել է «անտեսանելի»: Նրա գոյության միակ պաշտոնական ապացույցը եղել է ծննդյան վկայականը, որը պահպանվել է հիվանդանոցում 1953 թվականից: Մայրը որոշել է, որ չի կարող դաստիարակել որդուն` Պեդրոյին, նրան հանձնել է Ռեջիո-Էմիլիա քաղաքում միանձնուհիների ղեկավարած դպրոցին: Պեդրոն իր հորը երբեք չի տեսել:
Նա մեծացել է «անտեսանելի»: Հետագայում տեղափոխվել է Ջենովա, որտեղ 70-ականներից աշխատել է առանց պայմանագրի, իսկ բնակարանի համար վճարել է առձեռն: Նա օրենքի հետ երբեք խնդիրներ չի ունեցել, ոչ մի անգամ երկիրը չի լքել, հիվանդանոց չի ընկել, բանկային հաշիվ չի բացել: Պեդրոն փաստաթղթի կարիք է ունեցել միայն 2,5 ամիս առաջ, երբ 62 տարեկանում բժշկական հետազոտության կարիք է ունեցել:








































