6 տարի առաջ՝ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած, ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը առաջիկայում հնարավոր է առերեսվեն: Վիրաբյանն այս օրերին Հայաստան է եկել 2004 թվականին իրեն խոշտանգելու գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների համար: Համապատասխան փորձաքննություններն անցել է, և առաջիկայում հնարավոր է՝ առերեսում իրականացվի Երևանի ոստիկանապետի հետ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիշա Վիրաբյանը՝ հավելելով, որ քննության մանրամասների մասին չի կարող խոսել, քանի որ ստորագրություն է տվել տեղեկություններ չհայտնելու մասին:
«Ամեն դեպքում, ինձ հետ կատարվածը քաղաքական հրահանգի արդյունքում է եղել և պահանջում է քաղաքական լուծում»,- ասաց Վիրաբյանը:
Մեր դիտարկմանը ի պատասխան, թե այսօրվա իշխանությունների պարագայում որքանո՞վ է տրամաբանական, որ իր հետ կատարվածին կտրվի քաղաքական գնահատական և լուծում, Վիրաբյանը նկատեց. «Ակնկալիք չունեմ, որովհետև մենք Հայաստանում ենք, գործ ունենք Հայաստանի իշխանությունների հետ, ուղղակի ես իմ համառության շնորհիվ կապացուցեմ ու կհասնեմ նրան, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը հիմա նման բարձր պաշտոն է զբաղեցնում»,- ասաց Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ ինքը երբեք չէր պատկերացնի, որ իր վերաբերյալ Եվրադատարանի վճռից հետո Հայաստանի իշխանությունները Աշոտ Կարապետյանին գեներալի կոչում կշնորհեին: «Հենց այս փաստը խոսում է այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական քայլ է կատարվել, և հիմա փորձ է արվում այդ քաղաքական քայլի հետևանքները վերանայել»,- նկատեց Վիրաբյանը:
Նա նշեց, որ Երևանի ոստիկանապետի հետ առերեսման ժամանակ պատրաստվում է պնդել իր նախկին ցուցմունքները, այն ամենը, ինչ եղել է 2004 թվականին, պնդել, ներկայացնել բոլոր փաստերը: «Դրանից ավել ոչինչ անել չեմ կարող և հուսով եմ, որ վերջապես այս հարցը արդարացի լուծում կստանա»,- եզրափակեց Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականին ակտիվորեն մասնակցել է բողոքի զանգվածային ակցիաներին, ինչի պատճառով նրան նույն թվականին կանչել էին ոստիկանության Արտաշատի բաժին: Ըստ Վիրաբյանի ցուցմունքների՝ այդ օրը ոստիկանությունում մի քանի ոստիկան, այդ թվում՝ Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, խոշտանգել են իրեն: Աշոտ Կարապետյանը, ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների, մետաղյա իրով խփել է իրեն, ապա ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը շարունակել է հարվածել և խփել Գրիշա Վիրաբյանի գոտկատեղից ներքև:
Վիրաբյանի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց Վիրաբյանին որպես փոխհատուցում վճարել 31 հազար եվրո՝ խախտված համարելով նրա իրավունքները: ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում այն իմաստով, որ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ»:









































