Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Աննա Բերքը խորհրդարանականներին թույլ է տվել «թվիթել» նիստերին։ Այս մասին հաղորդում է Australian Associated Press-ը:
Ավելի վաղ ընդդիմադիրները խնդրել էին, որ խոսնակը գնահատական տա լեյբորիստական կուսակցության անդամ Սթիվ Գիբոնսի հայտարարությանը, որը նա արել էր Twitter-ում:
Լեյբորիստի մեկնաբանությունները վերաբերում էին մարտի 12-ի միջադեպին, երբ խորհրդարանի նիստում հայտնվել էին հինգ անծանոթներ և իրենց բղավոցներով ընդհատել խորհրդարանականների ելույթը: Գիբոնսն այս ամենի համար մեղադրել է ընդդիմադիրների առաջնորդ Թոնի Աբոթային և հայտարարել, որ այդ մարդկանց նա է բերել խորհրդարան:
Ավստրալիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ չի արգելի «թվիթել» նիստի ժամանակ, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն արգելք դնել նաև պալատում էլեկտրական սարքավորումների մեծ մասի կիրառման վրա:
Այն հարցին, թե խոսնակն անձամբ օգտվո՞ւմ է Twitter-ից, նա պատասխանել է. «Ո՛չ, հանուն սեփական հոգեկան հանգստության»:
Նա նաև մեկնաբանել է միջադեպը և նշել, որ այդ մարդիկ ոչ մի կուսակցության կողմից հրավիրված չեն եղել:










































