Գիտնականները հայտնել են՝ մարդը ինչքան ավելի շատ գործողությունների ազատություն ունի, այնքան ավելի հաճախ է հետևում մեծամասնության կարծիքին, հայտնում է gazeta.ru-ն: Դա կապված է այն տեսակետի հետ, որ եթե շատ մարդիկ են ընտրում վարքի նույն տեսակը, նշանակում է, որ դա անվտանգ է: Համապատասխան հոդվածը տպագրվել է Evolution and Human Behavior ամսագրում:
Հետազոտողները հաստատում են, որ հարմարվողականությունը օգտակար էվոլուցիոն մեխանիզմ է: Նրանք բերում են հետևյալ օրինակը. մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե ինչպես են միկրոբները առաջացնում տարբեր հիվանդություններ, սակայն բոլորին հայտնի է, որ դրանք վնասում են օրգանիզմը: Այդ պատճառով մարդիկ ընդունում են, որ ուտելուց առաջ հարկավոր է լվանալ ձեռքերը:
Հոգեբանական փորձերի արդյունքում պարզվել է, որ բարձր IQ -ով մարդիկ ավելի քիչ են հետևում մեծամասնության կարծիքին: Սակայն երբ նրանց տրվում է տարբեր գործողությունների չափազանց շատ ընտրություն, նրանք ընտրում են մեծամասնության կարծիքը: Դա ապացուցում է, որ հարմարվողականությունը իրոք կարևոր դեր է խաղում հասարակության մեջ` օգնելով մարդկանց խուսափելու շատ վտանգավոր որոշումներից:









































