Ermenihaber կայքի փոխանցմամբ, Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Միթհաթ Սանջարն Անկարայի համալսարանում մասնակցել է «Ատելության հենքի վրա իրականացված միջազգային հանցանքները» խորագրով կոնֆերանսին` խոսելով Հայոց ցեղասպանությունից.
«Մոտենում է ապրիլի 24-ը: Այդ օրը պետք է Թուրքիայում սգո օր հայտարարել: Դրանով մենք 1915 թվականի հայկական իրադարձություններն ամոթալի կորակենք և ճանապարհ կհարթենք մեր առճակատմանը վերջ դնելու համար: 1915 թվականի իրադարձությունները Թուրքիայում ատելության ամենածանր օրինակներից են:
Համատեղ խաղաղ բնակության համար անհրաժեշտ է խտրականությունն արգելող օրենք ընդունել: Սակայն օրենքի ընդունումից հետո այն պետք է նաև կիրառվի: Մենթալիտետի փոփոխության անհրաժեշտություն նույնպես զգացվում է, ինչի մասին խոսում են Հրանտ Դինքի սպանության դատավարության ժամանակ դատարանի կայացրած խտրական որոշումները»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրքական Sabah թերթը հայտնեց, որ պաշտոնական Անկարան այս տարվա ապրիլի 24-ին պատրաստվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունն արվել էր հասարակական կարծիքը ստուգելու համար: