Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչությունում տիրող կոռուպցիայի մասին, ՊՆ-ի ղեկավարությունը հետաքննություն է սկսել և տեսչության աշխատակիցների գործողություններում հայտնաբերել է լուրջ խախտումներ։
Հավաքված նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, որը քրեական գործ է հարուցել։ Գործակալության ռազմական աղբյուրները հայտնել են, որ խոսքը տեսուչների կաշառակերության մասին է, որոնք կաշառքներ են վերցրել, որպեսզի չգրանցեն զինվորականների շրջանում տեղի ունեցած խախտումները։ Այդ մասին զեկուցվել է պետության ղեկավարին։
Հետաքննությունը հանձնարարվել է ազգային անվտանգության նախարարությանը։ Տեսուչների անուններն ու պաշտոնները չեն հրապարակվել։ Որոշ տվյալներով՝ նրանք կալանավորված են։ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հաստատել է կալանավորման փաստը՝ զերծ մնալով մանրամասներ ներկայացնելուց։









































