Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրեի շրջանում պայթեցվել է «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, որը նախատեսված է իրաքյան նավթը Թուրքիա հասցնելու համար։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, որը չինական այցի ժամանակ ուղեկցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Նա մանրամասնել է, որ միջադեպը գրանցվել է 01:30-ի մոտ։ Յըլդըզը տեղի ունեցածը որակել է որպես խափանարար գործողություն։
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներն Աղրը (Արարատ) նահանգում պայթեցրել են «Թավրիզ-Էրզրում» (Իրան-Թուրքիա) գազատարը։ Ավելի վաղ PKK-ի զինյալները քանիցս պայթեցրել են «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) գազատարը։ Իրաքը Թուրքիայի թիվ մեկ նավթ մատակարարող երկիրն է։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն Թուրքիային նավթի ու գազի մատակարարման հարցում երկրորդ տեղում է։









































